Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խոսք չէր էդ ձեր ասած խոսքը, ընկե՛ր Զարյանց, իսկի՛ ասելու խոսք չէր…

Եվ այսպես՝ համարյա մինչև լույս բորբոքվեց ու  անհանգստացավ այդ գիշեր Բաղդասարը, իսկ երբ քնեց՝ քնի մեջ անգամ անհանգիստ շուռումուռ էր գալիս, ոտները դուրս հանում վերմակից, շրթունքները շարժում…
Առհասարակ հանգիստ բնավորություն ուներ աշխատում էր պահել իրեն, որպես Ուղղիչ Տան ոլիմպացի։ Հաճույքով հովանավորում էր նորեկ ռեցիդիվիստներին՝ եթե իր հովանավորությանն էին դիմում։ Առհասարակ պահում էր իրեն, որպես լյումպենական պարագլուխ, ժիգանային ղեկավար։ Եվ պարզ էր, որ խոր էր իմ խոսքերով հասցրած վերքը այդ խոսքերից հետո Բաղդասարը շուտ չէր կարող հանգստանալ։
Եվ ես այս գիշեր համոզվեցի, որ եթե նախկին բանտերում լիներ՝ Բաղդասարը կա՛մ կխեղդեր ինձ տեղնուտեղը, կամ կիմանար իրեն զրպարտողների անունները։ Սակայն նա լավ էր հասկանում, որ ո՛չ Ուղղիչ Տունն է նախկին բանտը, ոչ էլ ես՝ նրանից վախեցողը։ Ուղղիչ Տունը նպաստավոր վայր չէր ժիդանական հերոսությունների ու սխրագործությունների համար, յուրաքանչյուր այդպիսի փորձ կարող էր նետել հերոսին մի հեռու մեկուսարան, ուր ո՛չ Ուղղիչ Տան քնքուշ ռեժիմը կլիներ, ո՛չ էլ վարչության ավելի քան քնքուշ վերաբերմունքը։ Մեզ մոտ ոչ միայն խստիվ արգելված էր մարմնական պատիժը, այլև հասարակ հայհոյանքի համար կարող էր դուրս թոչել պաշտոնից վարչության որևէ ներկայացուցիչ։ Էլ ես չեմ խոսում մշտապես բաց կամերաների, քաղաք գնալու