Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սրտում առանց այդ էլ չափազանց խոր նստած անվստահությունը դեպի ինտելիգենտները…

Լսո՞ւմ ես, սիրելի՛ Բաղդասար .— իզո՛ւր ես կասկածում։ Քո մասին իմ տպավորությունների գրքում արված այս զրույցները տեսական զրույցներ են միայն, ուրիշ ոչինչ։ Եվ միանգամայն վստահ եղիր, որ սրանից չի գա քեզ և ոչ մի վնաս։
Ազնի՛վ խոսք, Բաղդասա՛ր։
XIX. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՈՒՂՂԻՉ ՏԱՆ ՆԵՐՔԻՆ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀԵԳԵՄՈՆՆԵՐԸ. ՄԱԴՈՅԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ. ՍԵՐՅՈԺԻ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄԸ, ՀԻՆ ԳԱՅԼԵՐԸ. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քրեական կորպուսի ութերորդ կամերան տեղափոխվելուց հետո միայն ես միանգամայն համոզվեցի, որ Ուղղիչ Տան ներսում, կալանավորների ներքին—կենցաղային միջավայրում, զուտ—կալանավորական հասկացողություններ և բարոյական նորմեր ստեղծողները ո՛չ այլ ոք են, եթե ոչ լյումպեն—կալանավորները։ Նրանք դեռևս դրսում, Ուղղիչ Տուն մտնելուց առաջ, հին, փորձված, նախկին բանտային հերոսներից ժառանգած որոշ «դաստիարակությամբ» էին Ուղղիչ Տուն մտնում և աշխատում տարածել այստեղ իրենց ազդեցությունը, հաստատել ներքին—կալանավորական կենցաղում իրենց «հոգևոր», «գաղափարախոսական» հեգեմոնիան։ Իբրև շերտ, իբրև խմբավորում՝ ամենից կազմակերպվածներն էին նրանք, կազմակերպված ոչ թե գիտակցաբար, ձևականորեն, այլ տարերայնորեն, բնականաբար։ Այս հանգամանքին օգնում էր նաև այն, որ նրանցից շատերը դրսում, դրսի աշխարհում ևս իրար հետ են եղել, ապրել ու