Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պրոֆեսիոնալ պայքարողներ այդ թշնամու դեմ՝ ծանոթ էին Ուղղիչ Տան պայքարի բոլոր թույլատրելի և անթույլատրելի միջոցներին։ Հացադուլ, մահացու հացադուլ, բողոքներ դատախազությանը, սպառնալիք և ուղղակի ահաբեկում մատնիչների — այս բոլոր զենքերից նրանք հարկ եղած դեպքում օքտվում էին լիովին։ Ավելին՝ նրանք կապ էին պահում և ա՛յլ Ուղղիչ Տների հետ, իհարկե՝ այդ տների համապատասխան տարրերի հետ, և նրանց ծանոթ էր շատ անգամ հեռավոր Ուղղիչ Տների անցուդարձը։ Նրանցից շատերը եղել էին և ա՛յլ Ուղղիչ Տներում ու հաճախ ոգևորված պատմում էին իրար այսինչ կամ այնինչ անդրկովկասյան, կամ անգամ համամիութենական մասշտաբով հայտնի ժիգանի հերոսություններն ու սխրագործությունները։ Շատ անգամ արյունոտ ու զարհուրելի լեգենդներ էին դրանք, պինկերտոնյան գրականությունը հիշեցնող լեգենդներ, որոնք սակայն հմայում էին նրանց սիրտը և ռոմանտիկ, հերոսական փայլ տալիս այդ տկլոր մարդկանց աչքերին։

Մի անգամ ես պատմեցի Բաղդասարին մի ռուս բանդիտի մասին, որ քսանից ավելի հարձակումներ

էր կատարել թալանի նպատակով, որոնց ժամանակ սպանել էր 117 հոգի։ Այդ մասին ես կարդացել էի մի ամսագրում, ուր բերված էր և նրա դատավճիռը։ Հայտնեցի Բաղդասարին և այդ։ Բաղդասարի աչքերը վառվեցին մի ամեհի բոցով, և նա ձեռնթափ բացագանչեց.

— Եվ նրան գնդակահարեցի՞ն… Ափսո՜ս… Այդպիսի քաջերին գնդակահարում են, իսկ խեղճերին թողնում…
Ահա՛ այդ մարդկանց հոգեբանության ամենացայտուն արտահայտությունը։