Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջ այս կամ այն կալանավորի համար։ Խոսեցի պետի հետ, որ նստած էր դահլիճում. նա ասաց, որ արդեն կարգադրել է ազատել։ Մեկուսացնելու պատճառը մի ինչ—որ երիտասարդ կալանավորի բողոքն է եղել, թե իբր Սերյոժը նրան անպատշաճ առաջարկություն է արել։ Գուցե զրպարտություն էր, սակայն տվյալ դեպքում այս չէ էականը, այլ Սերյոժի վարմունքն իբրև ռեցիդիվիստի, որին քաջ ծանոթ էին վարչության դեմ պայքարելու բոլոր միջոցները։

Երբ ես հայտնեցի Մադոյին, որ արդեն կարգադրված է Սերյոժին ազատել—նա գնաց։ Սակայն չանցած երեք րոպե՝ նա եկավ հևիհև և վախեցած հայտնեց.
— Սերյոժը թունավորվել է…
— Ո՞նց թե թունավորվել…
— Քիմիական թանաք ա խմել. հրեն բերան—մերան կապտած՝ մեռնում ա…
Վազեցինք ներքև և միջանցքում հանդիպեցինք հսկիչներին ու մի քանի կալանավորների, որ Սերյոժին տանում էին հիվանդանոց։ Կուրծքը բաց, երեսն ուռած, շրթունքներն ու ատամները քիմիական թանաքի գույն ստացած՝ Սերյոժը հառաչում էր, տնքում և ձեռքերով սեղմում կոկորդը՝ իբր խեղդվում է։ Անմիջապես մտածեցի, որ սարքած բան կլինի։ Տարան հիվանդանոց, խողովակով ջուր լցրին կոկորդը, սիրտը թափեց և հանգստացավ։
— Չե՞ս ամաչում — ասաց պետը նրան, երբ նա ոտքի կանգնեց և լվաց երեսը.— սա ի՞նչ անամոթություն է։