Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Եթե կարիք լինի ուղարկելու՝ կուղարկեն, — հանգիստ ասում է դատախազը. — ուրիշ բողոք չունե՞ք։ — Ո՛չ ընկեր դատախազ։

— Դուք ազատ եք։
Սրանով էլ վերջացավ Մադոյի ցույցը, Մադոյի հերոսական պայքարը Ուղղիչ Տան վարչության դեմ... 

Ի՞նչ շահեց Մադոն սրանից— չգիտեմ, բայց նա գոհ էր։ Հարկավոր էր ապացուցել, որ նա կարող է հացադուլ հայտարարել և կանչել դատախազին— և նա ապացուցեց։ Ուրիշ բան արդեն չէր էլ պահանջվում ապացուցելու։ Հետագայում ես լսեցի, թե Մադոն ինչպիսի վառ, հերոսական գույներով է նկարագրել կամերաներում իր այդ բողոքը դատախազին։ Դա մի փոքրիկ լեգենդ էր, մի փոքրիկ ռեցիդիվիստի մի փոքրիկ լեգենդ...

Սակայն ես մի անգամ տեսա, թե երբեմն ի՛նչ աստիճանի կարող է հասնել այդ մարդկանց համառությունը և ի՞նչ միջոցների կարող են երբեմն նրանք դիմել՝ իրենց նպատակին հասնելու նկատառումով։ — Նրանք հին գայլեր էին երևում, այդ երկու թուրք կալանավորները, որ ուղարկված էին Բաթումից՝ Պարսկաստան աքսորելու։ նրանց ձերբակալել էին Բաթումում պատահաբար, իբրև կասկածելի անձնավորությունների։ Մոտներից դուրս էր եկել մեծ քանակությամբ դրամ, իսկ թե որտեղի՞ց է դրանց մոտ այդ դրամը՝ չեն պատասխանել։ Անցագիրներ ևս չեն ունեցել։ Հայտնել են, թե երևանցիներ են։ Էտապով ուղարկել էին Երևանի Ուղղիչ Տունը, որ այստեղ ճշտեն նրանց ով լինելը,