Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է, այնպես, որ նրանք ոչ մի շփում չունենան այլ կալանավորների հետ։ Ես կալանավոր էի, և ես տեսնում էի, որ դրանք, այսպես թե այնպես կալանավորական ներքին կենցաղում կարողանում են տարածել իրենց «հոգևոր» հեգեմոնիան։ Իհարկե, այս բանը բացարձակ բնույթ չէր կրում և չէր էլ կարող կրել շնորհիվ այն մթնոլորտի, որ տեղծել էր Ուղղիչ Տան պատերում կուլտբաժինը։ Բացի այս' սրանց ազդեցությունը կասեցնելու գործում հսկայական դեր էին կատարում արհեստանոցները և վարչության ձեռք առած խիստ միջոցները' ամեն կերպ վերացնելու կալանավորական խմբավորումները։ Սակայն պիտի ասել, որ բոլոլրը այս միջոցներն էլ կիսամիջոցներ էին, որ չէին կարող միանգամայն արմատախիլ անել ռեցիդիվիստների ազդեցությունը։ Խոսք չկա, որ եթե վերոհիշյալ միջոցները մի փոքր թուլանային' Ուղղիչ Տան՝ ներքին, կենցաղային ռեժիմն անմիջապես կանցներ բանդիտների և ռեցիդիվիստների ձեռքը, և, նրանք արդեն բացարձակապես կտարածեին կալանավորական ամբողջ մասսայի վրա իրենց ո՚չ միայն «հոգևոր» այլև «մարմնական» հեգեմոնիան․․․

     XX. քրՈՂԻՋ ՏԱՆ ԳԺԵՐԸ. ԱՐՏԱՇ-«ԹԱԳԱՎՈՐԸ», ՀԱՅՐՈՆ,
               ՄԱՀՄԵԴԸ, ԱԼԻՆ, «ԱՆԱՀԻՏԸ»

Երևանի Ուղղիչ Տունն ընկնում էին երբեմն կատարյալ խելագարներ, կամ, ինչպես կալանավորներն էին ասում' «գժեր», որոնք փայլուն ասուպների նման սահում էին Ուղղիչ Տան երկնակամարով ու թողնում կալանավորների հիշողության մեջ անջնջելի հետքեր