Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զարհուրած կորպուսն էին փախչում ու մտնում կամերաները։

Այսպես էր Արտաշ–թագավորը։ Մի շաբաթ միայն նա մնաց Ուղղիչ Տանը։ Հետո նրան տևղափոխեցին հոգեկան հիվանդանոց։

Ուղղիչ Տան հետևյալ հռչակավոր գիժը—Հայրոն էր, բայց սա արդեն լիակատար հակապատկերն էր Արտաշ-թագավորի։ Նույնպես լենինականցի, բարձրահասակ, բաձց ավելի երիտասարդ քան Արտաշ–թագավորը։ 30—32 տարեկան, կապույտ, խոհուն աչքերով, լուրջ, լուռ. խաղաղ խելագարություն ուներ այդ համակրելի դեմքով երիտասարդը։ Ահռելի ուժ ուներ—ինչպես պատմում էին կալանավորները։ Սրան ոչ միայն չէին անհանգստացնում, այլև սրանից մի տեսակ, կարծես, քաշվում ու ակնածում էին կալանավորները։ Հոգատար վերաբերմունք ունեին դեպի նա։ Չիմացողը չէր էլ կասկածի, թե աննորմալ է։ Խելագարության պահեր ուներ, մնացած ժամանակ հանգիստ էր, լուռ, խաղաղ—ծայր աստիճանի ինքնամփոփ ու լուրջ։ Թեկուզ մեկուսացման սենյակում էր ապրում, բայց հաճախ դուրս էր գալիս բակ, մտնում կամերաները, լուռ կանգնում, նայում սրան-նրան հանգիստ, ոչ ոքի չէր դիպչի, չէր խոսի ոչ-ոքի հետ։ Եթե բան հարցնեին՝ կարճ, երկու խոսքով կպատասխաներ, կամ չէր պատասխանի։ Խոսելիս էլ շատ ինտիմ ձայնով էր խոսում բարեկամական, մտերիմ պատրաստակամությամբ գլուխը թեքելով դեպի խոսակիցը։ Երբ ես նրան առաջին անգամ տեսա — մտքովս անգամ չանցավ, թե աննորմալ է երբեմն դառնում է կատաղի խելագար։