Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մահմեդը հիսունն անց, միջահասակ, երեսն ու գլուխը պարսկական ոճով սափրած գյուղացի պարսիկ էր, դերվիշի արտաքինով։ Թե ինչո՞ւմ էր կայանում նրա գժությունը — ես մինչև վերջ այնպես էլ չհասկացա։ Լուռ դուրս էր գալիս բակ պատի տակ պպզում, ինչպես պարսիկ դերվիշները, կամ աֆիոն ծխողները։ Ձեռքը դնում էր ականջին ու միտք անում։ Միշտ արևոտ կողմն էր նստում և հաճախ փոքրիկ քարեր էր ունենում, որ փռում էր գետնին ու խաղում հետները՝ խորասուզված։

Մի անգամ ես նրան հարցրի.

— Ի՞նչ ես միտք անում, Մահմե՛դ։

— Ոչինչ, արև՛ է. — պատասխանեց տխուր խեղճ ձայնով ու մատով ցույց տվեց արևոտ երկինքը։ Հետո շարունակեց խաղալ իր քարերի հետ։ Մի ուրիշ անգամ ես տեսա Մահմեդին՝ պպզել էր պատի տակ՝ ձեռին մի քանի հատ չորացած ծաղիկներ։ Երևի պատերի արանքից էր պոկել տխուր, խորասուզված՝ նայում էր չորացած ծաղիկներին։

— Այդ ի՞նչ է, Մահմեդ, էլի ի՞նչ ես մտածում,— հարցրի մոտենալով։

–Ոչի՛նչ— նույն տխուր, խեղճ ձայնով պատասխանեց Մահմեդը. — ծաղիկնե՛ր են։ Չորացած ծաղիկներ։

Ինչպես երևում էր՝ արևելյան մենակյաց դերվիշ էր, բառիս ոչ մասնագիտական իմաստով, Մահմեգը։ — Արևելյան գեղջուկ–իմաստուն, որին կալանավորները գժի տեղ էին դրել։ — Արևելյան տխուր հայեցող, որի աշխարհի անհունությունից ու անէությունից ելք փնտրող հողին ծխվում էր դեպի երկինք, ինչպես հիմարացնող աֆիոն…