Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Լա՛վ, Ասլան֊բիձա, տուր ինձ՝ կպահեմ քո ժառանգությունը, — ասացի ես Ասլան-բիձին, և նա տվեց ինձ իր տետրակները։ Դեղին կողերով, մի փոքր խունացած, վեց հատ տետրակներ էին դրանք՝ բոլորն էլ խիտ լցրած ծուռ, խառը, բարակ գրերով, որոնք հիշեցնում էին նոր սովորող երեխայի գրեր։

— Շա՜տ շնորհակալ եմ քեզանից, — ասաց Ասլան֊բիձեն. — դե, մնացեք բարով...

Եվ Ասլան֊բիձեն սեղմեց իմ ձեռքը, կարոտով մի հայացք գցեց իր տետրակներին ու գնաց։ Երևանի Ուղղիչ Տան կուլտ֊բաժնին ես հանձնեցի դեղին, մի փոքր խունացած, մանկական գրերով լցրած այդ տետրակները, որոնց մեջ Ասլան-բիձեն գրել էր իր կյանքի պատմությունը։ Եթե ձեզանից մեկն ու մեկը գնա Երևանի Ուղղիչ Տունը և մտնի կուլտ֊բաժին՝ այնտեղ ձեզ ցույց կտրվեն Ասլան֊բիձի այդ դեղին, խունացած տետրակները։

Այդ օրերին էր կրկին, երբ մի անգամ բակում բռնեց ինձ Սուրենը, այդ բարակ, գունատ երիտասարդը, Նիկոլի ու Խաչիկի ընկերը։ Ամոթխած ժպիտը դեմքին՝ նա ևս պարզեց ինձ բարակ մի տետրակ և, մի կողմ նայելով, ասաց. —

–Սա իմ պիեսան է, այստեղ եմ գրել Եթե ժամանակ կունենաք՝ կարդացեք։

Ու առանց պատասխանի սպասելով հեռացավ։ Դա կապույտ կողով մի աշակերտական տետրակ էր, ընդամենը տաս ֊ տասներկու թերթից։ Շապիկի վրա դրված էր պիեսի անունը և հեղինակի ազգանունը։ Բաց արի և սկսեցի կարդալ։ Գործող անձինք երկուսն էին՝ Ֆրիդրիխը և Ֆրանցը: