Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դիալոգն սկսվում էր նրանից, որ նրանք, երկու ավազակները, Ֆրիդրիխն ու Ֆրանցը մեղադրում էին իրար լավ ընկերներ չլինելու և իրար դավաճանելու համար։ Ապա պարզվում էր, որ նրանք մի շատ հաջող «գործ» են կատարել և այժմ չգիտեն՝ ո՞նց բաժանեն ավարը, որպեսզի երկուսն էլ խաբած չլինեն իրար։ Պիեսը վերջանում էր նրանով, որ վերջ ի վերջո բավականին հասարակ ձևով երկուսն էլ թունավորում են իրար — ինչպես այդ լինում է բոլոր լուբոկային-բարոյախոսական լեգենդներում ու պատմվածքներում։ Սակայն ի պատիվ Սուրենի հարկավոր էր ասել, որ դիալոգները սարքած էին բավականին սահուն — թեկուզ այդ, մյուս կողմից, կարող էր և ապացուլց ծառայել, որ հեղինակին բավականին ծանոթ է Ֆրիդրիխի ու Ֆրանցի հոգեբանությունը···

Բայց և այնպես այդ գունատ երիտասարդը իր գունատ տետրակով իմ վրա բավականին հաճելի, մի փոքր լիրիկական տպավորություն թողեց։ Եվ ես երբևիցե դժվար թե մոռանամ այդ գունատ մորֆինիստի դեմքը ու գունատ այդ տետրը, որի մեջ միամիտ ջրի ու երշիկի միջոցով միաժամանակ թունավորում էին իրար կեղծ֊կլասիկ ավազակներ Ֆրիդրիխն ու Ֆրանցը...

Տետրակը տալուց երկու օր անց՝ կրկին ինձ մոտ եկավ Սուրենը, բայց ոչ տետրակը ետ վերցնելու գործով։ —

— Ընկե՛ր Չարենց, — ասաց նա ինձ միշտ մի կողմ նայելով ու ամոթխած, զուսպ ժպտալով, — ձեզ մի խնդիրք ունեմ՝ խնդրում եմ չմերժեք···

— Ասա՛, Սուրեն։