Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սկզբի անգամից չգիտեմ ինչու նա շահեց իմ համակրությունը։ Գյումրվա լոթիական տրադիցիաներով մեծացած, էապես շատ ընկերական ու աշխատասեր մարդ էր, որ դժբախտության էր հասել բացառապես հարբեցողության շնորհիվ։ 30 — 35 տարեկան, միջահասակ, աշխատանքից այրված դեմքով, մեքենայով խուզած մաղերով։ Ուներ խոսելու ու պատմելու չափազանց պատկերավոր, յուրօրինակ ձև։

Մի անգամ երեկոյան ինչ֊որ նման նյութերի շուրջը դարձող զրույցի ժամանակ մեր կալանավորներից մեկը, որի երեխան հենց այդ պահին մահացել էր գյուղում, այն միտքը հայտնեց, թե երբ ազատվի ու գնա գյուղ պետք է բաց անել տա գերեզմանը, որ մի անգամ նայի, կարոտն առնի։ — Իդի բանը չենե՛ս, մեռնի՛ս էլ չենե՛ս, — անհանգիստ վեր թռչելով տեղից և շուռ գալով նրա կողմը, վախեցած բացագանչեց Գուրգենը· —էդև հիվանդություն գուքա վրեդ՝ էլ ազատվելիք չկա․․․

— Ո՞նց թե, — հարցրեց զարմացած։

— Հըբը՝ ես իշաը էդպես դարձա, երբ օր հերս մեռավ․․․ Հորս շատ կսիրեի՝ ինիկ ամենաթանկ բանն էր ընձի համար։ Մի անգամ հարբած գնացի, բացի գերեզմանը՝ իդտից հետև վրես սեր ընկավ, էլ ձեռք քաշել չկրցա․․․ Իդիկ տեսակըմ սեր է, մեռելի սեր․․․ Գիշերները կերթայի գերեզմըններր կքնեի։ Թեզ-թեզ կբանայի գերեզմանը՝ կաշեի․․․ իդիկ գիտե՞ս ինչը կեղնի․․․

— Ի՞նչդ․․․ — Մեռնելեն իրեք շաբաթ էդև օր էրթաս-բանաս՝ վրեն ճերմակ սալանդոստի պես բան կեղնի էկած· իդիկ պիտի հանես, որ նոր էրևա էրեսը․․․