Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քստմնելի, խունացած «սալանդոստ»՝ իջած «նռան հատիկների» նման կարմիր ճիճուներով վխտացող իմ ուղեղի վրա...

Վերջապես վերջին հիշողությունը, որ մնացել է իմ մտքում այդ վերջին օրերից՝ ա՛յն երեք չարաճճի, ցրտից այրված դեմքերով ու սև, պսպղուն աչքերով «խուժաններն» են, որոնց մի ցուրտ երեկո կայարանի ճանապարհին հավաքել էր մեր պետը, դրել կառք և բերել Ուղղիչ Տուն։ Երբ ես գնացի այդ «խուժաններին» տեսնելու՝ նրանք արդեն քնել էին գրասենյակում, վառարանի մոտ, և նրանց փոքրիկ, կեղտոտ, բայց չափազանց հաճելի դեմքերին արդեն խաղաղ հանգստանում էր փողոցի ցրտից հետո տաք վառարանի պար գնած անհուն երանությունը։

Մեծ ուրախություն և հաճույք պատճառեցի Ուղղիչ Տան բնակչությանը այդ երեք «խուժանները»։ Նրանք երեքն էլ ութից֊տաս տարեկան, բայց համարձակ, արդեն կյանքի հսկայական փորձ ունեցող, խելքները գլխներին «տղամարդիկ» էին, որ եթե փողոցում մնային՝ պիտի դառնային անշուշտ գողեր ու ռեցիգիվիստներ։ Վալոյին, Խուման֊Խաչոյին, Մաչոյին ու Հյուսեյինին «հաջորդողներն» էին դրանք, հանցագործ աշխարհի կադրերը լրացնելու եկող «պիոներները» Երբ առավոտյան ես նրանց նորից տեսա՝ հարցրի․

— Էս ի՞նչ տեղ եք ընկել, գիտե՞ք, թե չէ։ Երկուսը, հասկացող մարդկանց հեգնական ժպիտով, վերից վար ժպտացին, իսկ մեկը, ամենափոքրը, պատասխանեց.