Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղաքական ակումբներում. մի բաժակ թեյ, մի–երկու ֆունտ խաղող, մի թաս արաղ կամ գինի, իսկ երբեմն էլ, փոփոխության համար — մի–երկու ռյումկա կոնյակ։ Մի ամիս միայն Մառանկոզ Նշանի տնտեսականը կարողացավ դիմանալ գործիչ–ընկերների բարձրապատիվ գրոհին. մի ամիս միայն նրա խղճուկ խանութը կարողացավ «նայիրյան գործերի կենտրոն» հանդիսանալու բարձր պատվին արժանանալ։ Մի ամիս հետո, ցավոք իր սրտի և ի մեծ հաճույք Մազութի Համոյի — Մառանկոզ Նշանն ստիպված եղավ ծախել իր խանութը, թեկուզ բան էլ չէր մնացել, ինչպես ասում են, ծախելու, — և գնաց Պուլկարիա՝ ամբողջովին հեղափոխական գործին նվիրվելու։ Եվ հիմա նրա խանութը, թեկուզ ցուցանակները դեռ մնացել են անփոփոխ, միայն հիասթափություն կարող է առաջացնել, եթե մեկը՝ ցուցանակներին նայելով, ներս մտնի որսորդական պիտույքներ գնելու։ Ներս մտնողը հիմա այդ նշանավոր խանութում կտեսնի — նախ՝ խանութի մի պատից մյուսը ձգվող փայտե մի նեղ դազգահ, որ խանութը բաժանում է երկու անհավասար մասի, իսկ դազգահի այն կողմը՝ դեմը, կողք-կողքի շարված՝ թիթեղե մի չինացի, ձեռքին կլոր մի վահան, — ավստրիական, նույնպես թիթեղե, կանաչագույն մի զինվոր, նույնպես վահանը ձեռքին, — ֆեսավոր մի ասկյար, նա՛ էլ թիթեղե ու վահանավոր, — և մի շարք ուրիշ նման արարածներ — բոլորը թիթեղե, բոլորը վահանավոր: Իսկ խանութի առաստաղից այգ թիթեղն արարածների գլխին բարակ թելերով կախված գույնզգույն ձվերն ու լուցկիները, խորքում, դիմացի պատին հենած կարտոնե դեկորացիան, որ