Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկիր Նայիրի՛, երազ հեռավոր,
Քնել ես քնքուշ թագուհու նման.
Միթե ե՞ս պիտի երգեմ քեզ օրոր
Եվ արքայական գնեմ գերեզման։


(բնագրում 2-րդ տողը՝ «Քնած ես քնքուշ...»)

«Երկրորդ հրատարակության առթիվ» առաջաբանում հիշատակվող պ. Մարուքեի կենսագրության «մութ» ու «չպարզաբանված» կետերի առնչությամբ պատմաբան Աշոտ Հովհաննիսյանին հասցեագրած 1924 թ. սեպտեմբերի 13 թվագիր նամակում Չ-ը գրում: «Ապա ես կուզեի մի երկու խոսք ասել այն ուղղումների մասին, որ անելու եմ «Նայիրիում». առաջին և ամենախոշոր շտկումը— դա պ. Մարուքեի պատմությունն է. վեպի I-ին մասում նա գավառացի հարբեցող վարժապետ է, ծեծում է երեխաներին և այլն, II մասում— դաշնակցության անպրինցիպ հակառակորդ, III-րդում բոլշևիկ... Այս հանգամանքը, ինչպես և մի շարք այլ թյուրիմացություններ, առաջ են եկել նրանից, որ ես վեպը գրել եմ երկար ընդմիջումներով և անմիջապես մաս-մաս հանձնել տպագրության. II-րդ հրատարակության համար ես հիմնովին կսրբագրեմ վեպս, կանեմ մի շարք կրճատումներ, կավելացնեմ մի շարք հատվածներ՝ ավելի ուռուցիկ դարձնելու համար բոլշևիկների արածները— մի խոսքով հայ» ունեմ, որ այդ շտկումներից հետո վեպս մի բանի կնմանի» (նամակի լուսանկարված պատճենը պահպանվում է Ա. Հովհաննիսյանի մոտ)։ Նման շտկումներ, ինչպես հայտնի է, Չ-ը չկատարեց ոչ վեպի II հրատարակության ժամանակ, ոչ էլ դրանից հետո։ Նկատենք, որ II հրատարակության մեջ Չ-ը համարյա կրկնապատկել է ընդգծված՝ («ցրիվ» շարված) բառերի ու նախադասությունների թիվը, վեպի առաջին մասին կցել բնաբան՝ առնված Վ. Տերյանի «Պաոլոյին» («Թողած Երևանդ սիրուն...») բանաստեղծությունից. Տերյանի բնագրում՝ «Այնտեղ նայիրյանն է նազում»։ «Երկիր Նայիրին» զետեղել է Երկերում՝ սխալմամբ թվագրելով՝ 1920 —1923 թթ»։ Տպագրվում է դստերը՝ Արփենիկ Չարենցին, նվիրած Երկերի օրինակից, տեքստային որոշ ճշտումներով՝ մեծ մասամբ վեպի ինքնագիր ու մեքենագրված բնագրի համեմատությամբ։Ճշտումներից կարևորները կբերվեն տեքստային տարբերություններից հետո: