Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընկեր Համազասպ, հայ ազգը սուգի մեջ է, ծանր սուգի, նա ինը դար շարունակ հալածանքի ծանր խաչը ուսը Գողգոթայի գագաթը բարձրացեր և իջեր է թեթևորեն ու հաստատ քայլերով. այս անգամ ամոթահարությունը ոտքերուն թափը կտրեց, հավատքը տատանվեցավ, սուգը մեծ է։ Այս մեծ սուգին մեջ ձեր դամբանականները և կենսագրականները խրախճանական ցնծալից երգի պես կուգան սուգին ծանրությունը հեգնելու և այպանելու։ Հաղթական Վեհից փաշայի մեր պարտվածներուս դժբախտ ներկայացուցիչներուն ցույց տված ժպիտները և մեղրածորան ողորմած խոսքերը այնչափ անտանելի չեն, որչափ ձեր երգերը:

Դուք մեր ամոթը կփառաբանեք։ Եկեք հանդես և բացատրեցեք ձեր մտայնությունը, իրողությունները խեղաթյուրել են, ճշմարտությունը առաթուր կոխել են, Դոն-Կարապետներր և Բանջունիները հերոսացնել են ի՞նչ շահ։

Հայ ազգը ինն դար, այո՛, ինն դար հերոսաբար դիմացավ ավելի դժնգակ օրերու և ավելի ծանր հարվածներու, բայց վերջին երեք տասնյակ տարիներու պայքարը այսպիսի եղերերգական վախճան ունեցավ։ Գլխավոր պատաճառներեն մինն այն էր, որ մարոդյոր ոգին գասալքություն ստեղծեց՝ մեր մարտիկներու շարքերուն մեջ: Ղարաքիլիսայի հերոսական դիմադրութենեն ավելի կատաղի և ավելի փայլուն դիմադրությանը կհանդիպեին թուրքերը էրզրումի, Սարիղամիջի, Կարսի և Ալեքսանդրապոլի տակ, եթե ձեր փառաբանած հերոսները ոսկե հորթի պաշտամունքը չուսուցանեին և չընդհանրացնեին մարտիկներուն մեջ։ Վարաքիլիսայի մարտիկները հերոսացան, որովհետև Դոն-Կարապետները և Բանջունիները այնտեղ կփայլեին իրենց բացակայությամբ, անոնք փախան ու ապաստանեցան Թիֆլիս ու Վլադիկավկազ՝ այս տեղերը շարունակելու համար իրենց գործունեությունը. Ղարաքիլիսան արյան դաշտ էր, ի՛նչ գործ ունեին այնտեղ հոն ոչ հրազենի շահավետ առևտուր կար, հոն չկային դատարկելու հարուստ պաշարով զանազան պահեստներ, հոն գոյություն չունեին բարեգործական և նպաստամատույց մասնաժողովներ ու հանձնաժողովներ, որ առատ ռոճիկով և առատագույն կողմնակի եկամուտներով պաշտոններ ստանային. ասոնց ամեն են Թիֆլիս կար և Հյուսիսային Կովկաս ալ ստեղծել պետք էր։ Ղարաքիլիսան արյան դաշտ էր։