Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետական Հիմնարկություններ. սակայն կարսեցիների վկայությամբ, Կարսում առհասարակ չի եղել հինգհարկանի և ոչ մի շենք։ Այդ է հաստատում նաև Կարսի անկումից հետո 1918 թ· Մշ № 87 տպագրված «1877 թ. Կարսը և 1918 թ· Կարսը։» ակնարկը։

Բերդը — Կարսի հայտնի բերդն է՝ Կարս գետի աջ ափին, այնտեղ, որտեղ գետն արմունկ է տալիս և մտնում քարքարոտ մի խորխորատ։ Բերդի մասին հիշատակությունները նույնպես վերաբերում են X դարին։ Ներսես Շնորհալին քաղաքը բերդով անվանել է «Դղեակ անմատույց»։ Թուրքական սուլթանները ևս իրենց հերթին ամրացրել են բերդը, որ հնուց համարվում էր անառիկ՝ միջնաբերդով, քաղաքի շուրջը կրկնակի պարիսպներով ու աշտարակներով։

XIX դարի վերջերի բերդաքաղաքի վիճակի մասին Լինչը գրում է. «Նույն ժամանակաշրջանի (XI—X դդ·−կազմ·) հուշարձան են համարվում բերդի ավերակները։ Արևելյան պատի վերին ծայրից—հարավային պատը համարյա բոլորովին ավերվել է և նրա մնացորդները, համարյա թե, կորել են տների արանքում... ես կարծում եմ, որ վայրի նախագիծն ու նրա էական գծերը քիչ փոփոխություն են կրել հայոց թագավորների ժամանակներից հետո» (տե′ս «Линч, Армения, т. I, 1910, Тифлис, էջ 519)։

Բերդը շատ էր բարեկարգվել նաև ռուսական տիրապետության ժամանակ: Կարսի անկումից հետո մամուլը արձանագրում էր, որ ռուսական տիրապետության օրերին կառուցված «…բերդի արքունի հրաշակերտ բազմաթիվ շինությունները կազմում են մի առանձին քաղաք, որոնք միլիարդներ են կլանել» (Մշ, 1918, № 87)

Թե որքան ճիշտ է վերարտադրել Չ-ը իր հայրենակիցների ու ժամանակակիցների պատկերացումները բերդի մասին, վկայում է Մշ .№ 129֊ ի «Մղձավանջ» վերնագրով առաջնորդողը Կարսի 1920 թ· անկման մասին։ «Կարսը մի հզոր, գրեթե անառիկ բերդ է։ Բայց ահա երկրորդ անգամ է, որ նա թշնամու ձեռքն է ընկնում ամենայն հեշտությամբ…

Եվ սակայն բերդը — ինքը հայրենիքն է։ Մի ժողովուրդ պաշտպանելով իր մեծ և հռչականուն բերդը, դրանով ցույց է տալիս, թե ինչպես է նա կարող պաշտպանել իր հայրենի հողը։ Այդպես Ֆրանսիան պաշտպանեց իր Վերդենը և այսօր աշխարհի բախտը տնօրինողներից մեկն է։