Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տասներկու առաքյալներ — Քրիստոնեական ավանդությամբ Քրիստոսի տասներկու ընտրյալները, որոնք Քրիստոսի մշտական ուղեկիցներն էին ու աշակերտները և նրա մահից հետո գլխավորում են քրիստոնեական համայնքները։

Հուդա — Քրիստոնեական ավանդությամբ Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, որ 30 արծաթ դրամով վաճառել է իր ուսուցչին։ Հետագայում ձեռք է բերել ընդհանրական իմաստ՝ ստոր, դավաճան մարդ։

Գնում են անցքով... — «Արձագանքի» 1887 թ. № 19-ում Գրիգորիս Երզնկյանի «Ճանապարհորդություն Ղարսից մինչև Անի» նոթերում կարդում ենք. «...Հին հայկական հնությանը պատկանում է և ստորերկրյա ճանապարհը, որը սկսվում է ներկա Միջնաբերդից և հասնում մինչև Կարսչայն՝ Միջնաբերդի հյուսիսային կողմից։ Այժմ այդ ճանապարհը լցված է, միայն մեկ բացվածք է երևում, որը կամարաձև պատած է եղել։ Փոստային եկողներին առաջին անգամ կպատահի՝ եթե իսկույն քաղաքն մտնելիս, նայե իր ձախ կողմն, գետի մոտ գտնված ջրաղացի առաջ։ Սա թե որպես ջրի և թե փախուստի ճանապարհ է եղել պաշարման ժամանակ...» (էջ 285)։

Կարսեցիների վկայությամբ միջնադարյան քաղաքի այդ «անցքը» նույն վիճակում պահպանվում էր տասական թվականներին»

Մշեցի Թաթոն — Այս պատմությամբ, թվում է, Չ֊ը սիմվոլիկ ձևով ակնարկում է Ս. Կուկունյանի և նրա ընկերների՝ մշեցի Հակոբ սարկավագի և մյուսների հետ կապված դեպքերը XIX դ. 90-ական թվականների սկզբներին, Կարսում: Ինչպես հայտնի է Կուկունյանը ձերբակալվել է Կաղզվանի մոտերքը, Կարս բերվել, Կարսի բանտում մնացել է մի քանի ամիս, հետագայում աքսորվել է Սիբիր։

Խստիվ արգելել են... խոսել Բերդի, Առաքելուց եկեղեցու և Վարդանի կամուրջի մեջ գտնվող անցքերի և աստիճանների մասին- Չ-ը ակնարկում է ցարական իշխանության ազգահալած քաղաքականությունը, պատմական այն փաստը, թե ինչպես Աոաջին համաշխարհային պատերազմից առաջ ազգային տրամադրությունները ճնշվում էին, իսկ սկսվելուց հետո՝ բորբոքվում։