Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նայիրյան արքաներ կան թաղված Առաքելոց եկեղեցում...— Կրպեն գրում է. «Առաքելոց եկեղեցու մոտ, նրա արևելա֊հարավային կողմում, կար մի ուրիշ՝ գմբեթաձև շինություն կամ մատուռ, որի հատակը ծածկված էր քարեղեն կամարով և ավանդությամբ պատմվում է՝ թե դորանում հանգչում են Հայոց Սմբատ արքայի որդի՝ Արաս Ա թագավորի աճյունները...» (տե՛ս «Կարս քաղաք», 1894, Մոսկվա, էջ 29)։ Աքսոր են ուղարկվում զանազան զեղծումների մեջ բռնված ավազակ պաշտոնյաներ— Մեծ մասամբ քաղաքական հանցագործեր էին աքսորվում Կարս. Փալանջյանը վկայում է, որ բնակիչների ասելով քաղաքական աքսորական էր նաև Ռեալական դպրոցի երկարամյա տեսուչ ուկրաինացի Ալեքսանդր Արխիպովիչ Ցարոշենկոն, շատ սիրված մի անձնավորություն։ Փալանջյանը դա ակնարկում է նաև Չ-ի դպրոցական տարիներին վերաբերող հուշերում (տե՛ս «Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին» Հայպետհրատ, 1961, էջ 47): Պատմում է այնտեղի մասին քստմնելի բաներ— Ակնարկում է Արևմտյան Հայաստանում կրկնվող ջարդերը։ Խլում է Առաքելոց եկեղեցին Նայիրցիների ձեռքից— Կարսի նահանգապետի գրասենյակի ծառայողներից մեկի՝ Ս. Վ. Երմոլովի հեղինակությամբ 1902 թ. լույս տեսած «Город Карс» գրքույկում կարդում ենք. «Ամրոցը գրավելուց անմիջապես հետո միտք հղացավ Կարսում հիմնել ուղղափառ եկեղեցի։ 1878 թվականի աշնանը, նորին կայսերական բարձրության բանակի գլխավոր հրամանատարի (խոսքը վերաբերում է Կովկասի փոխարքա մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչին, որ ռուս-տաճկական պատերազմի օրերին Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար էր— կազմ.) Կարս այցելելու առիթով Կարսի մահմեդական հասարակության պատվիրակները, ինչպես իրենք էին արտահայտվել՝ միշտ տրամագիր ոչ միայն կատարելու մեծ իշխանի հրամանները, այլև կանխազգալու նրա ցանկությունները»: Հայտնում են նորին կայսերական բարձրությանը, որ տեղի մահմեդական բնակչությունը չի կարող արգելք լինել, որպեսզի Կարսի հին քրիստոնեական եկեղեցին, որ թուրքերը դարձրել էին մզկիթ, կրկին վերածվի քրիստոնեական տաճարի։