Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երևույթին, Նոհրատյանը առնչություն չի ունեցել այդ ընկերության հետ, այլապես նման մի հեղինակավոր ընկերություն անպայման հարկ կհամարեր տեղյակ պահել հասարակությանը։ Նկատենք, որ այդ ժամանակներում, ինչպես և հետո, մինչև 1916 թ. չենք հանդիպում նաև «Լույս» ընկերությանը վերաբերող հիշատակության։ «Список фабрик и заводов России» գրքում նույնպես «Լույս» ընկերությունը չկա, թեև այնտեղ կարող ես գտնել անգամ Կարսի կիսաարհեստանոցները։ «Լույսը», իհարկե, առնչություն չունի նաև Սուլթանով և Կ° և՛ եղբ, Զեյնալովների «Свет» ընկերության հետ, որ հիմնվել է 1888 թ. Բաքվում։

Եվ ահա 1916 թ. մարտի 15-ին Крс 11-ում հանդիպում ենք հետևյալ հայտարարությանը. «Նավթավաճառման «Լույս» (ո՛չ թե «Свет» — կազմ.)Ընկ.-ը Կարս քաղաքում վաճառում է եղևնաանտառի տախտակներ, չափսերը, երկարությունը՝ 6—8 արշին, լայնությունը՝ 3, 4, 5,5 և 6 վերշոկ և հաստությունը —1/4 և 1/2 վերշոկ»։

Կարսեցիները վկայում են, որ «Լույսի» գրասենյակը գտնվում էր կայարանի դիմացը, մեկհարկանի մի շենքում։ Կարելի է կարծել, հենց այնտեղ, որտեղ վերը բերված հայտարարության տվյալներով տեղավորված էր Գ. Ի. Տեր-Արրամովի ընկերության ներկայացուցչության գրասենյակը։

Հակված ենք ենթադրելու, որ սույն «Լույս» նավթավաճառման ընկերությունը հիմնել է ինքը Հ. Նոհրատյանը՝ Գ. Ի. Արրամովի ընկերության լիազորությունները հանձնելուց հետո (1915 թ. ընթացքում )։

Նույն 1915—1916 թթ. Հ. Նոհրատյանը զբաղվել է նաև բաղնիքների վերաշինությամբ։ 1915 թ. գարնանը Կարսում ծայր են առնում համաճարակային հիվանդություններ, բաղնիքները փակվում են, քանի որ դրանց ջուրը անմիջապես թափվում էր գետը, նույն ջուրն էլ օգտագործվում էր քաղաքի կարիքների համար։ Մամուլում (տեղական և Թիֆլիսի) շատ է գրվում այդ անհարմարության մասին, և ահա 1916 թ. մարտի 31֊ի Крс № 15-ում հանդիպում ենք մի հրամանի. «Համազասպ Նոհրատյանի վերանորոգած բաղնիքը Կարսում սանիտարական ու տեխնիկական առումով ստուգելու համար Կարսի ոստիկանապետի պաշտոնակատար, նահ. քարտ. Նոժինի նախագահությամբ նշանակում եմ հանձնաժողով, կազմը՝ քաղաքի ճարտարապետ Չխեիձե, քաղաքային րմիշկ Ղազանչև, Կարսի բերդային