Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոստյումներ, սանրեր, մկրատներ, արտասահմանյան օծանելիքներ։ Իսկ ցուցանա՞կը. Փարիզից է բերված. — սև ֆոնի վրա ոսկեզօծ տառերով գրված է ֆրանսերեն՝ «A bon marche» Տերը՝ երեսունն անց սափրված եվրոպացի է՝ պենսնեն նայիրյան քթին, անբեղ-անմորուք․ դերասան է ասես, որ զբաղվում է առևտրով։ Նրան անվանում են քաղաքում — պ. Աբոմարշ։

Աբոմարշի հարևանը սափրիչ է. չէ. եվրոպական վարսավիր, ինչպես հայտարարված է նրա ցուցանակի վրա։ Անունն է պ. Վասիլ։ Միջահասակ է, լայնաթիկունք, չիլ այտեր ունի, դեղին մորուք։ Սիրում է ածիլելիս շրթունքներն այնքան մոտեցնել սափրվողի դեմքին, որ նրա մասին քաղաքում պատմում են զանազան առասպելներ։

Նրա հարևանը — կոշկակար է, հայտնի է քաղաքում, որպես սքանչելի «կինտաուրի» պարող։ Բարեկենդանի հինգշաբթի երեկոները, երբ քաղաքի ակումբում, որ մի փոքր բեմանման հարմարություն ունի, որևէ եկվոր մի դերասան տեղական սիրողների հետ խաղում է «Վարդանանց պատերազմը» — բոլորը գնում են ակումբ ո՛չ այնքան «Վարդանանց պատերազմը», որքան կոշկակար Սիմոնի «կինտաուրին» տեսնելու։ Բոլորը սիրում են նրան, բացի վարսավիր Վասիլից, որ չարախնդաբար անվանում է նրան կամ «Կինտաուրի Սիմոն», որ դեռ էլի ոչինչ,— և կամ... «Կլուբի մեյմուն», — կատարյալ խայտառակություն։

Բայց ամենից հետաքրքիրը կոշկակարի հարևանն է՝ պարսկաստանցի մի վաճառական, որ զբաղվում է գորգի, քիշմիշի, մորթեղենի և շաքարի առևտրով։ Եթե խանութը մտնեք՝