Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գքերի առաջխաղացման օրերին նման կոչ-հրամաններ, իսկապես որ, հրապարակվել են Կարսում։ Դրանցից մեկը արտատպել է «Հորիզոնը», որից երևում է, թե որքան ճշմարիտ է Չ-ր վերարտադրել հրամանների ոգին, որքան է «հարազատ» մնացել դրանց դարձվածքներին, ոճին, բաոապաշարին։ Կոչում ասված է. «թիկունքի քայքայումը առաջ է բերել մեր երկրում անիշխանություն, այս կամ այն վայրում երևան եկած պրովոկացիայի պատճառով ավելի ու ավելի ծավալվում են եղբայրասպան կռիվները և վտանգում հեղափոխությամբ ձեռք բերված ազատությունը։ Ճակատից ռուսական բանակի հեռանալով օգտվելու է արտաքին թշնամին և ներս է խուժելու մեր երկիրը և կամ առաջարկելու է մեզ համար անպատվաբեր միանգամայն ծանր և անձեռնտու հաշտություն։ ...Այդ վեհ գաղափարի իրականացումը պահանջում է մեզ՝ բոլորից ամենայն զգուշավորությունը հանդեպ այն բոլոր պրովոկացիաների, որ աշխատում են սերմ անել ամենայն օր մեր իրականության մեջ վխտացող չարամիտ մութ ուժերը...» (տե՛ս 1918 թ., № 50):

Չ֊ը գրում է, թե հրամանը ստորագրված էր՝ «Տեղական կոմիտե». վերը բերված կոչի տակ կարդում ենք՝ «Կարսի Հայկական կոմիտե», որ քաղաքի դերագույն իշխանությունն էր։

Դրա հետ զուգընթացաբար քաղաքում պտտվել սկսեցին լուրեր, թե շարժվել է արդեն ոսոխը և գալիս է նայիրյան այդ քաղաքի վրա — Փետրվարի վերջին Վեհիբ փաշան հեռագրով կտրուկ պահանջ էր դնում հանձնել Կարսը, Արդահանը, Բաթումը։ Վերը հիշատակված կոչը տպագրվել է մարտի 9֊ին. մարտի 5-ից թուրքական զորամասերի հարձակումը Կարսի շրջանում արդեն ռազմական կազմակերպված գործողության բնույթ ուներ. Կարսում հայտարարված էր ռազմական դրություն։ Մարտի 29-ին արդեն ստեղծվել էր էվակուացիոն հանձնաժողով, որ մտահոգված էր բերդի գույքը փոխադրելու հարցով։

Տեղական կոմիտե... — Հ. Նոհրատյանը Կարսի դաշնակցական տեղական կոմիտեի ամենագործունյա պարագլուխներից էր։

Երկու Հ. և մի Դ. (Հ. Հ. Դ.) — Դաշնակցության կուսակցության անվան սկզբնատառերն են՝ Հայ հեղափոխական դաշնակցություն։