Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղն է տեղ գրավել նրա ցուցանակի վրա, քանի որ այդտեղ ոչինչ էլ չի տրվում, բացի սուրճից ու թեյից, — բայց, չնայած դրան, այդ սրճարանը նույնն է քաղաքի ցածր խավերի համար, ինչ որ է վերին խավերի համար Մազութի Համոյի գրասենյակը. — քաղաքական ակումբ է, կատարյալ ակումբ։

Հաջորդ խանութը... Այդտեղ Հաջի էֆենդի Մանուկոֆը մանուֆակտուրա է ծախում, այսինքն՝ Սամարղանդի փուշիներ, զանազան կերպասեղեն ( չիթ, յազմա, չլվարի ), «բրոցկի» շաքար, «լապշինի» լուցկի։ Միևնույն ժամանակ սարաֆություն էլ է անում. անգլերեն գիտե, և որպես միակը քաղաքում՝ վայելում է քաղաքացիների առանձին հարգանքը։ Կատաղի հայասեր է Հաջի. Օնիկ Մանուկոֆ էֆենդին, ինչպես իրեն սիրում է հորջորջել հենց ինքը՝ այդ հայտնի հայասերը։

Խանութները շատ են, բոլորը հո չի՞ կարելի թվել. մենք պատահմամբ մի քանիսի մասին միայն երկու խոսք ասացինք։ Մնացածների մասին թող նրանց ցուցանակներն ասեն՝ ճիշտ այն հերթով, ինչ հերթով որ շարված են նրանք Լորիս- Մելիքյան փողոցի մի ծայրից մյուս ծայրը՝ մինչև կայարան։

«Մանրուքի խանութ. Պոդոս Կոլոպոտյան» — «Գինի, արաղ, կոնյակ. Համբարձումով Նիկոլայ» ( սա իր բավականին ընդարձակ փորի պատճառով քաղաքում կոչվում է Բոչկա Նիկոլայ ) — «Դագաղագործ. ընդունում եմ պատվերներ. Ենոք Կարապետյան» ( սա հենց ինքն է՝ Մեռելի Ենոքը) — «Ճաշարան «Եվրոպա». Եգոո Արղումանով» — և էլի մանրավաճառ, կոշկակար, մանրավաճառ, վարսավիր, մանրավաճառ, մանրավաճառ և հանկարծ