Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— «Դեղատուն Ժգենտի» — ու էլի՝ մանրավաճառ, ու էլի՝ մանր-մունր խանութներ— մինչև կայարան։

Կանուխ, մութլուսուն, բացվում են խանութներն իրար ետևից— ու ծույլ, դանդաղ, միապաղաղ՝ սկսվում է քաղաքի գործնական եռուզեռը՝ գործնական առօրյան։

Սովորաբար առավոտվա այդ վաղ պահերին մայթերը բավականին դատարկ են լինում, այնինչ փողոցի մեջտեղով, խուռն ու բազմերանգ, հոսում են բավականին ստվար բազմություններ։ Անցնում են փողոցի մեջտեղով՝ սայլեր, ոչխարի և տնային այլ անասունների բազմագլուխ նախիրներ, մշակներ, որ մեծ խմբերով գնում են քաղաքից դուրս՝ երկաթուղագծի վրա աշխատելու, գյուղացիներ, որ գյուղական այլ և այլ բարիքներ են բերում քաղաքում վաճառելու։ Սայլերի, նախիրների և գյուղացիների այդ խուռներամ հոսանքը հոսում է Լորիս- Մելիքյան փողոցի մեջտեղով դեպի մեյդանը, այսինքն՝ շուկան, որ գտնվում է փողոցի և կայարանի մեջտեղն ընկնող այն դաշտանման տեղում, որ տեղացիների լեզվով կոչվում է «գյոլ». կամ «լիճ», որովհետև գարնան սկզբին այդտեղ է հավաքվում բլուրներից հոսող ջուրը, որը և մնում է այդտեղ լճացած, մինչև որ չորանա։ Անցնում են, անցնում են. առավոտները հաճախ մշուշ է լինում, — ու մշուշի միջից դանդաղ առաջացող, կարծես մշուշից ելնող սայլերից, նախիրներից ու գյուղացիներից կազմված հորդածուփ այդ հոսանքը արժանանում է իրենց խանութների առաջ նստած կամ կանգնած, գնորդի սպասող խանութպաների