Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զանազան նկատողություններին։ Պետք է ասել, որ առավոտվա այդ կանուխ պահերին, երբ գյուղերից եկած հոսանքը դեպի մեյդան է շտապում, փողոցի երկու կողմը շարված խանութները շատ չնչին ուշադրության են արժանանում դեպի մեյդան շտապող գյուղացիների կողմից. վերջը, կեսօրից հետո, երբ իր բարիքը ծախած գյուղացին՝ ետ դեպի գյուղ է շտապում նույն Լորիս-Մելիքյան փողոցով— այս անգամ ոչ թե մեջտեղով, ինչպես այդ վայել է սայլերին ու նախիրներին, այլ մայթերի վրայով, — այդ ժամանակ միայն եռում, կատաղի ճակատամարտի տեսք է ստանում մանրուքի խանութների առևտուրը։ Իսկ մինչ այդ, մանավանդ առավոտյան այդ վաղ պահերին, երբ նոր է սկսվում գյուղացիների հոսանքը դեպի մեյդան, — նայիրցի խանութպանները խաղաղ նստած են լինում իրենց խանութների առաջ և փողոցի մեջտեղով դանդաղ առաջացող եռուզեռին նայելով՝ հաղորդում են իրար իրենց պատահական մտքերն ու տպավորությունները։ Օրինակ. — «Ան օչխարը, նայե՛, մեկ փութ դմակ կախված է ետեվեն» — ասում է Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը ղահվենի Սեթոյին։ «— Ես յաղլու մը կլլած եմ առտուս» — տեղի- անտեղի պատասխանում է ղահվեճին, ինչպես երևում էք բոլորովին տարբեր տրամադրություններով տարված։ Եվ Հաջի Օնիկ էֆենդին, միանգամայն բավարարված այդպիսի մի պատասխանով, լռում է խորհրդավոր և շարունակում է նայել փողոցով անցնող սպիտակ ոչխարների ծանր դմակներին։ Ղահվեճին, որ ընդհանրապես սիրում է խոսակցությունը, ուզում է զրույց սկսել քաղաքի նորությունների մասին, բայց