Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա դեմքին։ «Ինչ գռեհիկ են այստեղի վարսավիրները » — տխուր մտածում է պ. Մարուքեն։ «Ուրիշ բան է, օրինակ, եվրոպական քաղաքներում՝ կամ, թեկուզ, Ռուսաստանում. այնտեղ մարդիկ քաղաքավարի, մաքուր են ավելի, այնպես են ածիլում, որ հաճույք ես զգում։ Իսկ պ. Վասիլը... Նու, քիչ է մնում բերանդ մտնի. հիմար, գռեհիկ նայիրցի...»։

«Անուշներ» — ասում է պ. Վասիլը, երբ, մազերը սանրելուց հետո, սպիտակ սրբիչով մաքրում է պ. Մարուքեի դեմքի պուդրան և խոզանակով սկսում է նրա օձիքը մաքրել։ «Էսօր աչքիս քիչ տխուր կերևաս, ի՞նչ է պատահե» — հարցնում է վարսավիր Վասիլը խորամանկ ժպտալով. — «Առանձին բան չկա» — խռպոտ, լուրջ ձայնով պատասխանում է պ. Մարուքեն և գլխարկը վերցնելով շտապում է դպրոց։

Մարդիկ անցնում են դանդաղ, անշտապ անցնում են մարդիկ, կանայք, երեխաներ — ելել են փողոց, որ գնան պաշտոնի, գնումներ անելու, բաղանիք, գործի։ Բաղանիք, ասենք, առավոտվա վաղ ժամերին միայն կանայք են գնում նայիրյան այդ փոքրիկ քաղաքում. քաղաքում կա միայն երկու բաղանիք, երկուսն էլ ասիական , թեկուզ մեկի անունն է «Ճերմակ», որովհետև նրա պատերը սպիտակացրած են կիրով, — իսկ մյուսը, որ մեչիտի նման ձմերուկաձև գմբեթ ունի, կոչվում է «Ֆանտազիա բաղանիք — առանձին համարներով»: Ընդամենը երկու համար ունի այդ եվրոպականացրած բաղանիքը, բայց դրությունը դրանից, իհարկե, չի փոխվում. համարներում գնում են