լողանալու քաղաքացիներից միմիայն՝ – առաջին քաղաքամասի պրիստավը, նրա կինը, աղջիկները, էլի մի քանի պաշտոնյա ռուսներ և մեկ էլ հայտնի մանուֆակտուրիստ Հաջի Օնիկ աղա Մանուկոֆը. նա էլ, լինելով հմուտ անգլիագետ, համարները գերադասում է ընդհանուր լողարանից։– «Ինչ կընես ըրե — մարդ չի տեսնար» — ասում է նա այդ առթիվ, թեկուզ մեզ արդեն ծանոթ ղահվեճի Սեթոն նրա մասին էլ, ինչպես և վարսավիր Վասիլի մասին, ունի առանձին կարծիք։ «Հաջի Օնիկ աղան չի ուզեր հարևանները տեսնեն, որ ինքը դեղին սապոնով կլողնա» — ասում է նա։
Առավոտվա այդ վաղ պահերին բաղանիք են գնում, ինչպես ասացինք, բացառապես կանայք, որովհետև քաղաքում գտնվող երկու բաղանիքներն էլ, առանց բացառության, մինչև ցերեկվա ժամը չորսը բաց են կանանց, իսկ չորսից Հետո — տղամարդկանց համար։ Բաղանիք այդ քաղաքում կանայք գնում են առանձին մի շուքով, կարծես գնում են ծիսակատարության։ Գնում են, ընդհանրապես, մի քանի ազգական — կանայք, աղջիկներ և երեխաներ միասին. մենակ ընդունված չէ բաղանիք գնալ նայիրյան այդ քաղաքում։ Առջևվից, գնացքի ավանգարդը կազմելով, գնում է սովորաբար գզգզված մի մշակ՝ շալակին պղնձե մի մեծ ջրաման, որի մեջ դրված են լինում պղնձե կլոր թասեր, փայտե նալըններ, սանր, սապոն – մի խոսքով՝ լողանալու զանազան պարագաներ։ Եթե ընտանիքում ծծկեր երեխա է լինում — նրան էլ սովորաբար գրկում է նույն մշակը, որի երկու կողքից հաղթական քայլերով արշավում են երե-