խաները, տղաներ ու աղջիկներ, տղաները — մինչև յոթը տարեկան, իսկ աղջիկների համար տարիքը նշանակություն չունի։ Երեխաների համար առանձին օրենք է ընդունված նայիրյան բաղանիքներում. ընդունված է կանանց հետ բաղանիք թողնել մինչև յոթը տարեկան տղաների, բայց եթե ընտանիքում, որ բաղանիք է գնում, հիվանդ է տասնևմեկ տարեկան մի տղա — նրան էլ մայրն իրավունք ունի հետը բաղանիք տանելու. հո չի՞ կարող հիվանդ երեխան տանն սպասել և անլվա մնալ։ Այսպիսի բաղանիքային կարգեր կան, հնուց մնացած, նայիրյան այդ քաղաքում։
Եթե ամառ է, աշուն, մի խոսքով — մրգի ժամանակ՝ բաղանիք գնացող ընտանիքի հայրը, լինի նա վարսավիր Վասիլը, թե Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը կամ դուքանչի Եգոռը — ցերեկվա տասներկուսին մոտիկ պետք է բաղանիք ուղարկե, լողացող ընտանիքին նվեր՝ ձմերուկ, սեխ, խաղող կամ խնձոր, և դա սովորաբար արվում է հրապարակով, բոլորին ի տես, մանավանդ երբ բաղանիք է գնացած լինում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի հանըմը՝ երեխաներով հանդերձ։ «Էսօր էլի Հաջին բաղանիք է ղրկե Նունուֆար հանըմին» — ասում են հարևանները քմծիծաղ։ «Խեյր էղնի» — ասում է այդպիսի օրերին Եգոռ Համբարձումովը, «Եվրոպա» ճաշարանի տերը, Հաջի Օնիկին. «էսօր Հաջին մեզ մոտ պիտի ճաշե. լավ բոզբաշ եմ շինել տվե, իսկական դամաշնի՝ պամիդորով ու սոխով»։ Բայց Հաջին չի սիրում ընտանիքից դուրս — ճաշարաններում ճաշել. երբ տնից ճաշ չեն ուղարկում, նա յոլա է գնում հացով ու պանի-