Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

րով, իսկ եթե մրգի ժամանակ է՝ սիրում է ձմերուկ կամ սեխ ունենալ մսի փոխարեն։ «Շատ բան պետք չէ մարդու մը կշտացնելու համար» — մտածում է Հաջին. «— Անգլեթերում լորտերը սև հացով կբավականանան. սակայն այդ հանգամանքը չի խանգարեր անոնց, որ անոնք ըլլան ազնիվ ու հայրենասեր»։— Եվ հարևանները, չնայած որ բնավ չեն էլ մտածում հավատալ, որ լորդերը Անգլեթերում սև հաց են ուտում,— այնուամենայնիվ հավանություն են տալիս Հաջու խոսքերին։ «Մարդըս ինչով ասես կարող է կշտանալ, մանավանդ Հաջի Օնիկ էֆենդին» — մտածում են նրանք։


Երբ արևը բավականին բարձրանում է վեր և կեսօրից սկսում է դեպի արևմուտք թեքվել, Լորիս-Մելիքյան փողոցի վրա գտնվող խանութներում գործնական եռուզեռը հասնում է իր գագաթնակետին.— Հաջին շուկայից վերադարձող գյուղացիներին մանուֆակտուրա, շաքար, փուշիներ է ծախում, վարսավիր Վասիլը սափրում է ու խուզում, «Եվրոպա» ճաշարանում բորշչ են սկսում ուտել զինվորներն ու գյուղացիները, իսկ մանրավաճառները շունչ քաշելու անգամ ժամանակ չեն ունենում։ Ասեղ, թել, կողպեք, քառորդ ֆ. սպիտակ հալվա, ֆուրգոնի մազութ, Լապշինի լուցկի,— գնում են, գնում են, ում ինչ հարկավոր է օրվա համար, և ծախում ու հարստանում են — Կոլոպոտյանը, Զարգար Հովհաննեսի տղան, որ հիմա մանրուքի խանութ ունի, Քաչալ Թաթոսը, Կաթոլիկ Սիմոն աղան և մնացած չարչիներն ու խանութպանները.— խեղճ Աբոմարշն է միայն, որ անգործ, աչքը խանութի պատերից կախած եվրո-