Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պական գույնզգույն հագուստներին հառած, սպասում է գնորդի։ Երևի նայիրցիները չեն հասկանում, որ ինչպես իր ցուցանակի վրա գրված, այնպես էլ իրեն կպցրած ֆրանսերեն «Աբոն մարշե»-ն ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ — բարի գալուստ.— մտածում է նա։— Եթե այդ հասկանային, գոնե ներս կմտնեին, գնելը դեռ մի կողմ։ Պետք է ցուցանակները ռուսերենի վերածել — որոշում է նա մտքում և սկսում է իր նոր ցուցանակի համար մի հարմար անուն մտածել։


Տասներկուսից տաս անց՝ երկրորդ դասն արդեն վերջացրած լինելով՝ քաղաքի ծխական դպրոցի ուսուցչանոցում, մեծ դասամիջոցից օգտվելով, նախաճաշ են անում ուսուցիչ-ուսուցչուհիները։ Ուսուցիչներից մեկի անունն է Բյուզանդ Վարդերեսյան, երեսունին մոտիկ ճեմարանավարտ փորձված ուսուցիչ. Մանուկ Աբեղյանից է սովորել հայերենը և պարծենում է դրանով։ Մազերը պահում է երկար, սանրում է մեծ խնամքով, թողնում է կարճ մորուք։ Դպրոցում պարապում է հայերեն և երգ։ Միևնույն ժամանակ դպրոցի տեսուչն է ավագ ուսուցիչը։ Երկրորդ ուսուցիչը — մեզ արդեն ծանոթ պ․ Մարուքեն է, դպրոցում նա ավանդում է թվաբանություն և ռուսաց լեզու։ Երրորդը նույնպես ճեմարանցի է, բայց ավելի երիտասարդ. սիրում է հասարակական գործունեությամբ զբաղվել և միտք ունի հաջորդ ամառվա ընթացքում մեզ արդեն բավականին ծանոթ երկրորդ ծխականի ուսուցիչ ընկ․ Վառոդյանի ընկերակցությամբ մի շարք դասախոսություններ կարդալ հայոց պատմության մի քանի հետաքրքիր և