Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչո՞ւ եմ հպել— բայց ո՛չ թե ողնաշարիս, այլ գանգիս ուղեղին դագաղանման այս բեռը, և ուզում եմ տեղ հասցնեմ... ո՞ւր։ Եվ մի՞թե այնտեղ, տքնությանս վերջում, որպես նվիրական, սիրելի մի մեռել— չպիտի՞ պատկերանա ինձ Երկիրը Նայիրի, որին դամբանելու համար տանում եմ ես ահա խոհերիս տողաշար դագաղը— տանում եմ կամքիս հակառակ, որովհետև, այո, հարկավոր է տանել։ Չէ՞ որ, այո՛— թաղել է հարկավոր բոլոր մեռելներին, որքան էլ նրանք սիրելի և հարազատ լինեն. չէ՞ որ, միևնույն է, հակառակ դեպքում կքայքայվեն նոքա՝ զազրելի և ախտաբույր, այնպես որ անգամ սիրահարը կզզվի պաշտելի աճյունից։ Թողնենք, ուրեմն, մի կողմ լիրիկական զեղումը, սիրելի ընթերցող, և անցնենք նայիրյան այդ քաղաքի օրերին և դեպքերին։ Եվ թող բացվի մեր դեմ օրերի և մարդկանց «վաստակոց և մեծագործությանց» խորհուրդում «երկիրը հազարամյա»— հնամյա Նայիրին...

Վեպիս առաջին մասում, ինչպես ասացի, ես ձգտեցի պատկերել կենցաղային այն բնույթը, երանգը, որ ուներ նայիրյան այդ քաղաքը «խաղաղ ժամանակ»: Ուժերս ներածի համեմատ՝ ես նախ նկարագրեցի քաղաքը՝ հին ու նոր հրաշալիքներով, և ապա անցա բնակիչներին, որոնց ամեն մեկի մասին այնքանը միայն կարողացա ասել, որքանի որ, գուցե, արժանի են նրանք։ Գուցե դու կուզեիր, սիրելի ընթերցող, որ ես, եվրոպական անվանի հեղինակներին հետևելով, մանրամասն վերլուծության ենթարկեի «հերոսներիս» հոգեբանությունը, մանրազնին պատմեի, թե ինչպիսի