Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծույլ, խաղաղ, կիրակնօրյա իր հանգիստն էր վայելում նայիրյան այդ քաղաքն այդ առավոտ։ Ծլնգում էր Առաքելոց եկեղեցու զանգը՝ խաղաղ ու անվրդով։ Ով սիրում էր աղոթքը— գնացել էր եկեղեցի, բայց քաղաքացիների մեծ մասը այգում էր գտնվում, կամ նստած փակ խանութների առաջ՝ ղբաղված էր առօրյա զրույցով։ Կային էլ մարդիկ, որ հավաքվել էին Տելեֆոն Սեթոյի կամ Եգոռ Արզումանովի սրճարաններում։ Կային էլ, որ հավաքվել էին այգու ակումբում: Ակումբում այդ օրը հավաքվել էին՝ քաղաքայթն բժիշկ Սերգե Կասպարիչը, Օսեփ Նարիմանովը— հաշտարար դատավորը, Արամ Անտոնիչը— դպրոցի տեսուչը, պ. Մարուքեն, Կինտաուրի Աիմոնը, որ սիրում էր «մեծերի հետ նստել», անգլիագետ վաճառական Հաջի Օնիկ Մանուկոֆ էֆենդին և էլի մի քանի քաղաքացիներ— թուղթ էին խաղում։ Խաղում էին— «պրաֆերանս», «մակաո», «բակարա» — սիրում էին խաղալ։ Խաղում էին, ըստ սովորության, լուռ ու հանդիսավոր, մերթընդմերթ միայն «փաս»,«28» «տալիա» և նման բացագանչություններով խզելով լռությունը։ Բայց, չնայած խաղի մեջ գլխովին ընկղմված լինելուն, խաղընկերներից շատերը, ինչպես, մանավանդ, Սերգե Կասպարիչը և Օսեփ Նարիմանովը, լավ չէին զգում իրենց. նրանց թվում էր, որ «փչում է», չնայած հուլիսյան հաճելի եղանակին։ Շուտ-շուտ դռանն էին նայում, կամ պատուհանին։ Բանն այն է, որ պակասում էր սովորական մի «բան», որին ընտելացել էին բոլորը— եթե միայն «բան» կարելի է ասել կենդանի և այն էլ պատկառելի մարդուն։ — Պակասում էր Գեներալ Ալոշը: Առանց նրան կյանք չկար ակումբում,