Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսել Օլգա Վասիլևնային, իսկ երեկ, ժամը երեկոյան վեցին, երբ, ըստ հին սովորության նա գնաց «այցելության» (ժամը վեցին Արամ Անտոնիչը սովորաբար դպրոցում էր լինում)— աղախինը հայտնեց, որ Օլգա Վասիլևնան հրամայել է ոչ ոքի չընդունել։ Այս դեպքը հիշելով՝ արդեն մթնել էին սկսում Օսեփ Նարիմանովի աչքերը, արդեն ցանկանում էր հեռացնել Արամ Անտոնիչի պսպղուն աչքերից իր մշուշած աչքերը Օսեփ Նարիմանովը, երբ․․․ — «Օլգա Վասիլևնայից ջերմագին բարևներ» — ասաց Արամ Անտոնիչը խորհրդավոր Ժպտալով և ապա, շրթունքները մոտեցնելով Օսեփ Նարիմանովի ականջին՝ ինտիմ շշնջաց, — «Մամաշան» — քաղաքի մանկաբարձուհի Ակսյոնա Մանուկովնան — «երեկ երդվեց, որ այս անգամ անպայմա՛ն–անպայմա՛ն տղա կլինի․․․»։ Օսեփ Նարիմանովի սրտից ծանրությունը, քար, ընկավ։ — Իզուր չէ, ուրեմն, իր երկարամյա մտերմությունը Օլգա Վասիլևնայի հետ — մտածեց նա զվարթացած և հայտնեց, բարեկամաբար սեղմելով Արամ Անտոնիչի ձեռքը. — Պատիվ ունիմ Կոլեչկի կնքահայրը լինելու. — հասկանու՞մ եք, Արամ Անտոնի՛չ, — անպայման «Կոլեչկի»․․․ — Եվ բոլորովին հանգստացած՝ նստեցին խաղի։ — «Իսկ ու՞ր է Ալյոշա Նիկիտիչը» — հարցրեց, թուղթը բաժանել սկսելով, Արամ Անտոնիչը մի վայրկյան անց։ Բայց բոլորն արդեն զբաղվել էին խաղով, այնպես որ ոչ ոք, չնայած որ ամենքն էլ զգում էին նրա բացակայությունը, չպատասխանեց նրան։ Բժիշկ Սերգե Կասպարիչը միայն աչքերը կրկին դեպի պատուհանը հառեց, ուզեց ասել կարծես, որ «փչում է» այնտեղից, բայց գլխի ընկավ, որ այդ