Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Համո Համբարձուովիչը խորհրդավոր և կրկին մտավ ակոսմբ՝ Կինտաուրի Սիմոնը նրա ետևից։ Ակումբից դուրս եկան նրանք՝ կայսեր մեծադիր նկարը բռնած, իսկ նրանց ետևից դուրս եկավ ակումբի ծառայողը և դրեց ակումբի առաջ թղթախաղային կանաչ մի սեղան։ Կայսեր նկարը բռնեցին Գեներալ Ալոշը և Օսեփ Նարիմանովը. Մազութի Համոն բարձրացավ ու կանգնեց թղթախաղային կանաչ սեղանի վրա, ժողովուրդը հավաքվեց։ «Պարոնա՜յք»- բացագանչեց, ձեռքը վեր բարձրացնելով, Մազութի Համոն, բոլորը քար կտրեցին, մնացին բերանբաց. հրաշք էր, զարմանալի զարմանք այդ Համո Համբարձումովիչը— Մազութի Համոն...

Հայտնեց, հայտնեց՝ թղթախաղային այդ կանաչ սեղանը պատվանդան արած՝ թղթախաղային կանաչ սեղանի ահռելի բարձունքից Համո Համբարձումովիչը ներքևում խռնված նայիրցիներին պատերազմի լուրը: Հայհոյեց՝ աչքերը կայծկլտուք թափեցին, շանթեց իր բարձունքից գերմանական ստոր կայսր Վիլհելմ II-ին Մազութի Համոն։

Ամբոխի մեջ կանգնած մանրածախ Կոլոպոտյանին թվաց, որ Մազութի Համոյի ոխերիմ թշնամին է, անձնական «պարտքնտերը» — գերմանական ստոր կայսրը՝ Վիլհելմը: Իսկ քիչ դենը կանգնած վարսավիր Վասիլին Վիլհելմ կայսրը պատկերացավ որպես արյունարբու մի հրեշ։ Չմոռացավ հայտնել նաև Մազութի Համոն գավառապետի պատմած այն կարևոր հանգամանքը, որ մեր ամենակարող թագավոր- կայսրը քանիցս անգամներ հեռագիր է խփել Վիլհելմին՝ առաջարկելով հաշտխաղաղ վերջացնել ծագած թյուրիմացությունը.