Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց նրա հեռագիրները, ցավոք սրտի, մնացել են անհետևանք։ Վերջում կոչ արավ Մազութի Համոն օգնության հասնել ընդհանուր հայրենիքին այդ աղետալի ժամին՝ հոժարակամ զոհել, չխնայել անձնական փոքրիկ զոհաբերությունները մեծ Հայրենիքին։ «Կեցցե, ուրեմն, մեր թագավոր կայսրը և պանծալի բանակը, կորչի ստոր կայսր Վիլհելմ II—ը ուռա՜ա՜ա՜», — վերջացրեց իր պատմական այդ ճառը Մազութի Համոն և, ի մեծ զարմանս նրա— տիրեց լռություն։ Չկարծեք սակայն, որ ժողովուրդը դիտմամբ չձայնակցեց. իհարկե, ոչ. ժողովուրդը չգիտեր, դեռ չէր սովորել, որ նման դեպքերում հարկավոր է արձագանքել։ Բայց ահա օգնության եկավ իր բացառիկ դիրքով Գեներալ Ալոշը. իր նման չաղ ծերուկից բավականին անսպասելի ճարպիկությամբ՝ ցատկեց կանգնեց Մազութի Համոյի կողքին, կանաչ սեղանի վրա, Գեներալ Ալոշը. «ուռա՜ա՜ա»— բացագանչեց Գեներալ Ալոշը գլխարկը թափահարելով. Սերգե Կասպարիչը, Օսեփ Նաիմանովը և Կինտաուրի Սիմոնը ահաձայն կրկնեցին— և արդեն ծայրեիծայր այգին թնդում էր բացագանչությունից, այնպես որ նույնիսկ պ. Մարուքեն, որ արդեն բաժանվել էր խաղընկերներից և խառնվել էր ժողովրդին, մի վայրկյան շփոթվեց՝ քիչ մնաց ինքն էլ գլխարկը հաներ և գազանանման մռնչար։ Բայց պ. Մարուքեն, իհարկե, այդ բանը չարավ. առաջին իսկ օրից ինքնուրույն դիրք բռնեց պ. Մարուքեն դեպի կատարվող անցքերը— բայց այս մասին հետո։

Դեռ թնդում էր այգին ուրախ բացագանչությունից, երբ հնչեց գավառապետի ուղարկած զինվորական երաժշտախումբը. զինվորական երաժշտախումբը