նվագում էր «Բոժե ցարյա»։ Բոլորը գլխարկները հանեցին. երաժշտախումբը լռեց։ «Կեցցե՛ մեր սիրելի կայսր Նիկոլա II-ը.— ուռա՜ա՜ա՜» — նետեց Օսեփ Նարիմանովը դեպի հասարակությունը, և նորից, կանաչ սեղանի վրայից, չափ տվին, ձեռքերը թափահարելով, Գեներալ Ալոշը և Մազութի Համոն։ Ապա, բավականին չափ տալուց և բղավելուց հետո, ցած իջան Գեներալ Ալոշը և Մազութի Համոն։ Եվ ահա, երկու այդ պատկառելի նայիրցիների առաջնորդությամբ, քաղաքացիների թափորը դուրս եկավ այգուց և շարժվեց դեպի մեծ փողոցը՝ գավառապետի բնակարանը։
Երբ թափորը, զինվորական երաժշտախմբի նվագակցությամբ, անցնում էր Տելեֆոն Սեթոյի և Եգոռ Արզումանովի սրճարանների մոտով — նրանցում հավաքված նայիրցիները, որ զբաղված էին թուղթ, դոմինո, կամ նարդի խաղալով, դուրս թափվեցին և, մինչև թափորի հեռանալը, մնացին կանգնած սրճարանների առաջ։ Է՜ս ի՞նչ ղալաբալըղ է էլի» — հարցրեց Մեռելի Ենոքը՝ դիների աղջիկը ձեռին։ «Էլի հացը պըտի թանգընա» — պատասխանեց կտրուկ Տելեֆոն Սեթոն և ներս մտավ սրճարանը գլուխն օրորելով։ «Հե՛չ չեմ հասկնա, թե յանի ընչի՞ է էս զուռնա-նաղարեն» — ասաց նա սրճարանում՝ ոչ թե մասնավորապես մեկին, այլ ընդհանուրին դիմելով, բայց պատասխան չստացավ, որովհետև դեռ դուրսն էին բոլորը, նայում էին թափորին։ «Էլի հացը պըտի թանգընա, էդ գուռնեն է կփչեն» — կրկնեց նա իր խոսքը, երբ ներս մտան նորից այցելուները՝ ընդհատված խաղը շարունակելու։— «Ըբը ի՞նչ պըտի էղնի» —