Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատասխանեց նրան Քոռ Արութը, — և նայիրցիները, խորհրդավոր, գլուխներն օրորոցին։ Սրճարանում եղածներից մի քանիսը սակայն, ինչպես պ. Աբոմարշը, մանրավաճառ «Ֆռանգը», Կաթոլիկ Դանիելը և ուրիշները, տեսնելով, որ թափորն առաջնորդում են այնպիսի պատկառելի նայիրցիներ, ինչպիսի՛ք են Գեներալ Ալոշը և Մազութի Համոն, — իրենք ևս խառնվեցին թափորին, գնացին հոսանքով։ Շուտով հայտնի եղավ ամենքին, որ գնում են գավառապետին իրենց քաղաքացիական պատրաստակամությունը հայտնելու, իրենց հպատակությունը, — և պ. Աբոմարշը գտավ, որ դա միանգամայն անհրաժեշտ է, անհրաժեշտ ու ցանկալի։ «Աշես մինչև քանի՞ տարեկանը պըտի կանչեն» — հարցրեց Կաթոլիկ Դանիելը մտահոգված. «Վո՞վ գիտե, նայած հանգամանքին» — խորհրդավոր պատասխանեց Աբոմարշը, և երկու խոսակիցներն էլ, կարծես թե, տխրեցին. լուռ քայլում էին՝ աչքերը սեփական կոշիկներին հառած։

Կիրակի, շոգ օր էր. արևը փայլում էր ոսկեգույն. երկինքը, պարզ, անամպ՝ կործվել էր քաղաքի վրա, որպես կապույտ ափսե։ Նվագում էր երաժշտախումբը, մարդիկ, կիրակնօրյա գույնզգույն շորերով, հետևում էին նրան. և ամբոխի մեջ խռնված, մեծ մասամբ երաժշտախմբի առաջն ընկած երեխաներին զվարթ խրախճանք էր թվում անհասկանալի այդ երթը։ Տաս- տասներկու տարեկան մի տղա, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի «պզտիկը», որ հայտնի էր բոլորին իր չար բնավորությամբ— քայլում էր, հաղթական, թմբկահարի կողքից և, իրեն զինվորականի նմանեցնելով, չափ էր տալիս՝ «Մե՛կ- երկո՛ւ, մե՛կ- երկո՛ւ, մե՛կ- երկո՛ւ»: