Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որտեղ ինչ լեզվով է հարկավոր խոսել։ Օձի լեզու ուներ Համո Համբարձումովիչը–Մազութի Համոն:

Մազութի Համոյից հետո շնորհակալություն հայտնեց երախտապարտ քաղաքացիներին գավառապետը և ապա առաջարկեց ցրվել տները և զբաղվել առօրյա գործերով։ Գեներալ Ալոշը, Համո Համբարձումովիչը, Օսեփ Նարիմանովը և բժիշկը հրավիրվեցին վեր՝ ճաշի։ Ժողովուրդը ցրվեց· գնացին՝ ո՛րը տուն, ճաշի, ո՛րը Եգոռ Արզումանովի, կամ Տելեֆոն Սեթոյի սրճարանը, ոմանք էլ կրկին քաղաքային այգին վերադարձան՝ օրվա մնացած մասն այնտեղ անցկացնելու։

Այսպիսի′ ահա շուքով ու հանդիսավորությամբ դիմավորեց նայիրյան այդ քաղաքը հետագայում Համաշխարհային Պատերազմ կոչված արյունալի հյուրին, դիմավորեց, ինչպես այդ վայել էր ամեն մի իսկական քաղաքի, խորին աչալրջությամբ, և այդ հանգամանքով քաղաքը պարտական էր կրկի՛ն նրան, իր արժանի զավակին —Համո Համբարձումովիչ Ասատուրովին — Մազութի Համոյին:

Հաջորդ օրը, երկուշաբթի, բոլորը, ինչպես միշտ, արթնացան առավոտ մութլուսուն և գնացին գործի։ Ոչինչ չէր փոխվել, ոչինչ չէր կատարվել, եթե միայն փոփոխություն չհամարենք այն հասարակ հանգամանքը, որ Գեներալ Ալոշը, Մազութի Համոն և ընկերները այդ առավոտ մի փոքր հոգնած էին զգում իրենց, մի փոքր կոտրված, ինչպես այդ լինում է սովորաբար լավ քեֆերից հետո: Իսկ քաղաքացիների մեծ տոկոսին, մանավանդ