արձագանքը… Մեծ ինքնասիրություն ուներ պ. Մարուքեն և սիրում էր ամեն ինչում «գերմանացի» լինել, այնպես որ այդ դեպքը թողել էր նրա վրա ահռելի տպավորություն, ոչնչացրել էր նրան, հավասարել էր գետնին։ Գունաթափ եկել էր տուն և երեսնիվայր ընկել էր անկողնու վրա. մինչև առավոտ մնացել էր այդպես։ Բորբոքված ուղեղում մինչև առավոտվա ծեգը զանազան զուգորդությամբ ու կարգերով շարվել էին — թվեր, թվեր, թվեր. գույնզգույն թղթադրամներ. խաղաթղթեր։ Գլուխը ցավում էր հոգնությունից. ուղեղը մշուշի էր նման. ծփում էր, ծանր, մութ, ծփում էր ուղեղը. և, տարբեր ձևերով ու կարգով, շարժվում էին ուղեղի միջով — թվեր, թվեր, թվեր. գույնզգույն թղթադրամներ. խաղաթղթեր։ Պ. Մարուքեն ո՛չ մի մեղք չունի. պ. Մարուքեն երբեք չի երկարել իր ոտքերը վերմակից ավելի. կգտնի, այսօրևեթ կգտնի պ. Մարուքեն այդ խղճուկ կոպեկները և կշպրտի այդ չտեսի դեմքին։ Եվ այժմ էլ, դեմքը դեմ արած վարսավիր Վասիլի թավ, կակուղ ածելուն՝ հենց այդ էր մտածում, իր հոգնած ուղեղի չհնազանդվող ճիգերով, պ. Մարուքեն. ումնի՞ց վերցնի։ Դեմքը դեղնել էր, ձգվել. աչքերը՝ բութ, անիմաստ՝ նայում էին — ինքն էլ չգիտեր, թե ո՞ւր, աչքերը տեսնում էին — գույնզգույն թղթադրամներ։
Վարսավիր Վասիլը — ի՜նչ շունն էր, որ չիմանար… իհարկե, գիտեր, դեռ երեկոյան լսել էր բանի եղելությունը, բայց չէր ուզում այդ առթիվ խոսել, նույնիսկ պ․ Մարուքեի, ըստ սովորության, «տրամադրությունը» չհարցրեց․ գիտեր, որ «վատ» է — ի՞նչ հարցներ։ Մոտեցրել էր շրթունքները, որ-