Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(և այսպես ասողներ կան), որ պատճառը մեր երկրի օբյեկտիվ պայմաններն են՝ չունենք պրոլետարիատ, հեղափոխությունը արմատներ չի ձգել մեզանում—և այլն և այլն — նման անհամ և թյուրիմաց խոսքեր: Սուտ է։ 917 թվից մինչև օրս Հայաստանի աշխատավորությունը ևս իր ամենաակտիվ մասնակցությունն է ցույց տվել Ռուսական Մեծ Հեղափոխության գործում. այղ մասնակցության ամենափայլուն նշաններն են` 920-ի մայիսը և 921-ի քաղաքացիական կռիվները2, երբ մեր կազմակերպված Կարմիր Բանակը իր պանծալի հաղթանակներն էր տանում քաղաքացիական կռվի հայրենի ճակատներում ։


Այս այբբենական ճշմարտության մասին Պոլսի «ճակատամարտ»-ը միմիայն կարող է վիճել3, հեղափոխական խմորումը չէ, որ պակասում է մեր աշխատավորական մասսաներում և սրանից չէ, որ բխում է մեր վերքին տարիների բանաստեղծության ռեակցիոն բնույթը:


Ինչո՞ւմն է, ուրեմն, գործը։ Հարցը պարզ է միանգամայն. մեր վերջին տարիների բանաստեղծությունը եղել է հասարակական ա՛յլ խավերի արտահայտիչը, նա նույնքան է հեռու եղել աշխատավորական զանգվածներից, որքան Չինաստանը մեզանից։


Վերցնենք հայ բանաստեղծության վերջին տասնամյա շրջանը, որի ամենափայլուն ներկայացուցիչն է եղել Վ. Տերյանը։ Ինչ է ներկայացնում նրա ստեղծագործությունը ըստ բովանդակության՝ շոշափած տրամադրությունների հոգեբանության։ Իրա խոսքերով ասած՝ «կապույտ երազ մոռացումի անվանում»4, — այսինքն հոգեկան բացարձակ խզումն աշխարհից, առօրյա կյանքից, գլխիվայր գլորումն «մոռացումի» գիրկը, հուսահատություն և միստիցիզմ։ Դա ժամանակակից փոքր ու մեծ քաղաքների ժխորում կորած քաղքենի ինտելիգենցիայի