Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Վերելքի» մասին մեր վերջնական կարծիքն այն է, որ նա լավ կանի, եթե թողնի իր կիսաակադեմիկ բնույթը, ծավալը կրճատի մինչև 32 էջ, շապիկը և թուղթը էժանացնի, միանգամայն ընդմիշտ ձեռք քաշի Կոջոյանի25 գերմանո-նայիրյան էսթետիզմով թքոտած շապիկից ու զարդանկարներից—մի խոսքով դառնա «Прожектор»-ի26 տիպի պոպուլյար ժուռնալ։ Այն ժամանակ «Վերելքի» ընթերցողների այն կադրին, որ առաջադրում է «Նորքի» նույն ռեցենզենտը, կավելանան բանվորն ու գյուղացին։ Իսկ սա քիչ բան չէ։


Աբով.—«Եդինի ֆրոնտ»

Քաղաքական ագիտկա, Մոսկվա, 1924 թ., երես 20

Անկասկած Աբովի համար դրական մի քայլ է վերացական ու եթերային «Դանակը բկինից» ու կենցաղագրական «Պոեմ պարզից» հետո ագիտկային անցնելը։ Աբովի այս ագիտկան նպատակ ունի «Հոկտեմբերյան երկրի բանվոր, գյուղացուն»27 հասկացնել, որ «Հոկտեմբերը երկու ֆրոնտ է բացել» և որ պետք է «ցույցերին երկուսի էլ հարվածել»։ Բայց որքան ընտրված թեման կոնկրետ է, նույնքան մշակման եղանակը տարածական է և անսյուժե։ Չկա կմախք, ամբողջը միս է։ Այնինչ ագիտկայի հենց առաջին պահանջը կոնկրետ սյուժեն է։ Եվ ապա՝ ագիտկան բոլորովին չի սիրում ածական, մինչդեռ Աբովի ամբողջ ագիտկան հիմնված է ածականների վրա և այն էլ մաշված և որ գլխավորն է՝ չարդարացված։ Օրինակ՝ Եվրոպան «փոր մի ճարպագունդ», «պառավ, չոր ոտներով», «պառավ աղիք», կամ թե՝ նեպաչի կինը «օձի ճարտար լեզվով» և այլն: Միանգամայն անհաջող է Եվրոպան բուրժույի փորի հետ համեմատելը