Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղկության, կյանքի դառնության և երկնքի արքայության մասին և միակ հասկանալի բառերը, որ դուրս էին հոսում ծերունու շրթունքներից և երևի հասնում էին ունկնդիրներին— «մեր տերը» և «սուրբ հոգին» բառերն էին, որ հոլովվում էին անվերջ և, ինչպես երևում էր, լարում էին ունկնդիրներին, որովհետև ժամանակ առ ժամանակ, հատկապես այդ բառերից հետո, նրանք ցնցվում էին, օրորվում և դոփում, ինչպես սարսափ առած կենդանիներ։ Ծերունին վերջացրեց իր բացատրությունները, և պատանին շարունակեց կարդալ։ Ես հեռացրի հայացքս պատանու սևահեր գլխից և սկսեցի զննել դահլիճը և ունկնդիրներին։

Ժողովարանը ոչ այնքան էլ մեծ, համեմատաբար ցած առաստաղով մի սենյակ էր, որ ուներ մի դուռ և չորս պատուհան։ Սենյակի վերի անկյունում դրված էր սեղանը և ապա, սեղանից երեք քայլ դեպի առաջ, դեպի մուտքը և դեպի ձախ պատը — մի քանի շարք փայտյա երկար նստարաններ։ Ուրիշ ոչինչ, բացի սեղանից ու նստարաններից։ Ոչ իկոնա, ոչ զարդ, ոչ էլ որևէ նկար։ Դեպի մուտքը շարված նստարանների վրա նստած էին կանայք, իսկ դեպի ձախ առաջին շարքերում տարիքավոր տղամարդիկ, նրանց ետևը — երեխաները։ Այս Էր ժողովարանի ընդհանուր տեսարանը։

Դահլիճում մռռոցն ու դոփյունը հետզհետե սկսում է ուժեղանալ, բայց չնայած դրան երիտասարդը նախադասություն առ նախադասություն շարունակում է կարդալ, իսկ ծերունին — բացատրել։ Դիմացի նստարանից հանկարծ վեր է թռչում երեսունհինգին մոտիկ, լայնաթիկունք, արցունքից ու ցնցումից կարմրած ու հղփացած դեմքով մի կին և կատաղի մոլեգնությամբ սկսում է ցնցվել, թռչկոտել և ձեռքերը թափահարել։ Այդպես ցնցվելով ու թռչկոտելով նա մոտենում է հանկարծ ծե