Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նում է մեզ.— վերջացավ,— ասում է նա, և մենք հասկանում ենք, որ հարկավոր է գնալ։Բայց հետաքրքրությունը չի թողնում մեզ, չենք հավատում, թե իսկապես «վերջացավ» — սակայն զգում ենք, որ գնալ այնուամենայնիվ հարկավոր է, և մենք պետք է գնանք։

 Ելնում ենք դուրս: Ես ինձ զգում եմ հոգնած ու ճնշված: Գիշեր է, մութ, գյուղի փողոցները — ամայի:Հիշում եմ Պշիբիշևսկու «Սատանի սինագոգը»,— ահա թե ինչով է վերջանում սրանց «կրոնական էքստազը» — անցնում է իմ մտքով: Թվում է թե նման հոգևոր էքստազը չի կարող չվերջանալ «մարմնականով»։ Հայտնում եմ միտքս ընկ. Շահգյալդյանին։ Նա էլ «կասկածում է»։ Մոտենում է գյուղխորհրդի նախագահը։
 — Ասացեք, խնդրեմ,— հարցնում է Շահգյալդյանը նախագահին,— սրանց այս հավաքույթներն ինչո՞վ են վերջանում :
 — Ցրվում են իրենց տներն ու քնում,— պատասխանում է նախագահը։  
 Ես «կոնկրետացնում եմ» հարցը։ Գիտե՞ք, ասում եմ, միջնադարում կրոնական նման հավաքույթները սովորաբար վերջանում էին, ասում եմ, նու, ընդհանուր «մեղքով» — մարում էին կրակները և այլն։ 
 Նախագահը, իհարկե, հասկանում է միտքս։
 — Չե~ե~,— ասում է նա, երևի ժպիտը դեմքին (մութ է—ենթադրում եմ, որ նա ժպտում է).— այստեղ այդպիսի բաներ չեն պատահում։
 Եվ մենք քայլում ենք դեպի մեր իջևանած տունը։ Հազիվ մի քանի քայլ արած—մեր ականջին հասնում է, պրիգունների երգը։ 
 — Շարունակում են,— ասում է ընկ. Շահգյալդյանը նախագահին, ակնարկելով, որ մեզ հեռացրին։