Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ իրոք, հաջորդ առավոտ մենք իմացանք, որ այդ գիշեր պրիգունները ցատկռտել են մինչև առավոտյան ժամի չորսը, բայց առավոտյան ժամը 7-ին արդեն ամբողջ գյուղը ոտքի վրա էր, և ամեն ոք անցել էր իր առտնին աշխատանքին...

ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ՊԱՐՈՆԸ ԿԱՄ ՊԱՐՈՆ ՀԱՆԳՈՒՑՅԱԼԸ
(Արտասահմանյան պատմվածք)

Կիրակի առավոտ ես որոշել էի այցելել Հռոմի թանԳարաններից մեկը2, թեկուզ վաղուց արդեն ձանձրացել էի ամեն տեսակ «հնություններից»։ Հռոմում — ինչպես և ամբողջ Իտալիայում — երկու բանից ոչ միայն ձանձրանում, այլև զզվում է մարդը. առաջինը՝ մակարոնից, երկրորդ՝ հնություններից։ Բայց ես պարապ էի, ձանձրույթը խեղդում էր ինձ — և ես գնացի։

Պարզ է, որ ես այստեղ գնալիս չէի սպասում և ոչ մի անակնկալի։ Բայց, երևակայո՞ւմ եք, այս անգամ ես համարյա թե սխալվեցի... Ասում եմ «համարյա թե», որովհետև այն անակնկալ «բանը», որին ես պատահմամբ հանդիպեցի այդ թանգարանում, այնքան էլ կարծես չէր վերաբերվում թանգարանին... թեկուզ ես, իհարկե, ստույգ համոզված չեմ դրանում, բայց թողնում եմ, որ, այսպես թե այնպես, այդ բավականին «նուրբ» հարցն ինքն ընթերցողը լուծե։

Կրկնում եմ՝ առանց որևէ անակնկալի սպասելու, ես մտա թանգարանի սրահները և ամենայն անտարբերությամբ, սկսեցի նայել նախ՝ քանդակները և ապա նկարները: Դեռ նոր էի անցել նկարների բաժանմունքը։ Մենակ էի սրահում։ Ոչ-ոք՝ ինձանից բացի։ Վաղ առավոտ էր, և դեռ չէին կարողացել հավաքվել մեծարգո