Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես մանրամասն պատմեցի Հանգուցյալ Պարոնին, թե ինչ փողոցներ են նորոգվել Երևանում, և ավելացրի, որ ինձ տարօրինակ է թվում տրված հարցի, նու, մի փոքր միակողմանիությունը… Մի՞թե երևանի փողոցները Հայաստանի շինարարության ամենակարևոր կողմե՞րն են… Ինչո՞ւ պարոնը չի հարցնում Շիրջրանցքի12, Երևանի էլեկտրակայանի13, Լենինակտնի մանածագործարանի14, Ալահվերդու ու Ղա<փանի> հանքերի և նման այլ բաների մասին, որոնք պիտի որ մի փոքր ավելի հետաքրքրեն ամեն մի «հայրենասերի», քան Երևանի փողոցները։ Բայց Հանգուցյալ Պարոնն այստեղ ևս իրեն չկորցրեց։

— Գիտե՞ք ինչ,— ասաց նա լուրջ դեմք առնելով,— ես չեմ հավատում Խորհրդային Հայաստանի ստեղծագործ աշխատանքին:

— Իսկ ի՞նչ հիմք ունենք չհավատալու։

— Մեր ստացած տեղեկությունները։ Առհասարակ դուք իզուր եք կարծում, որ մենք կապեր չունենք երկրի հետ։ Եվ տղայական է ձեր այն միտքը, թե Դաշնակցությունը մեռել է երկրում։ Դաշնակցությունը կա։ Միայն նա կարծում է, որ առայժմ միտք չունի կռիվը։

Ժամանակը կգա և նա կերևա: Բավական է ռուս զորքերը հեռանան Հայաստանից—և Հայաստանի բանվորն ու գյուղացին, ամբողջ ժողովուրդն առանց բացառության, մի մարդու նման կհարեն Դաշնակցության: Դուք չեք հասկանում Դաշնակցության մոգական ուժը, պարոն, դա մի այնպիսի ուժ է, որ բոլոր հայերին կապում է իրար, այո՝ բոլոր հայերին, առանց բացառության։

— Մանավանդ տերտերներին ու կոզակներին։

— Այո՛, և տերտերներին ու կուլակներին։ Եվ նորից ահա մի կետ, որը հասկանալու համար առնվազն