Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի ցատկում անելով՝ հարցրեց Հանգուցյալ Պարոնը, ու կրկին նայեց դեմքիս՝ լուրջ ու խորազնին հայացքով։ Ու կրկին վերջին անգամ — ես հիշեցի մորս կարծիքն այն մասին, թե մեռելները զարմանալի ախորժակ են ունենում, այնպես որ երբեմն, իրենց ախորժակը հագեցնելու համար, նրանք բորենիներ են դառնում և գիշերները հարձակվում են երեխաների վրա։ Պատասխանեցի.—

— Չկան։ Խորհր. Հայաստանում կաֆեներ չկան։ Ճաշարաններ էլ չկան։ Անյտեղ մարդիկ ուտում են ու քնում փողոցներում, մայթերի վրա։ Սովնարկոմի ժողովներն ևս տեղի են ունենում, ոչ մի բնակարան չլինելու պատճառով, Զանգվի գեղածիծաղ ափին։ Ի դեպս, գիտե՞ք, պարոն, Ձեր համախոհներից մեկը հարցնում էր ինձ, թե Խորհրդային Հայաստանում կանայք... սպիտակեղեն գործածո՞ւմ են, թե ոչ։ Գուցե այս հա՞րցն էլ է Ձեզ հետաքրքրում։ Այս հարցին ևս ես կարող եմ տալ ամենաճիշտ ու ամենաստույգ պատասխանը։ Լսեցի՛ք։— Խորհրդային Հայաստանի կանայք... սպիտակեղեն չունեն։ Չեն գործածում։ Սովորություն չունեն գործածելու։ Տկլոր շրջում են Աբովյան փողոցում, ոնց որ Ադամն ու Եվան՝ դրախտում։ Գո՞հ եք։ Հասկացա՞ք։ — Ցտեսություն։

— Դուք բարկանո՞ւմ եք, պ. Չարենց,— զարմանալի մեղմությամբ պատասխանեց Հանգուցյալ Պարոնը.— 0, թողե՛ք խնդրեմ։ Բաժանվելուց առաջ ես կխնդրեի Ձեզ կատարել Երևանում իմ այս փոքրիկ հանձնարարությունը...

Հանգուցյալ Պարոնը հանեց գրպանից մի նամակ և պարզեց ինձ15.— — Հանձնեցեք խնդրեմ մորս, երբ Երևանում կլինեք... Ախ, որքա՜ն նախանձում եմ Ձեզ, որ լինելու եք