Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հանդիսատեսների առջև ծառանար «Ռասաստանի կայսր Պավել 1-ը», իբր մոնարխ, գահակալ, խելագար դեսպոտ՝ ածելին ձեռին։ Պարզ ասած՝ ռեժիսորն իր բեմադրական մերձեցումով պետք է տար հեղինակի մերձեցումը նյութին և այն, ինչ հեղինակը ցույց է տալիս իբր անհատական ողբերգություն, ցույց տար իբրև հասարակական տրագեդիա։ Հնարավո՞ր էր արդյոք այս։

 Մենք կարծում ենք, որ այո. միայն սրա համար սկզբից ևեթ հարկավոր էր որոշել, որ այդ պիեսը բեմադրվում է ոչ թե իբր մի գեղարվեստական գլուխգործոց էսթետիկական հաճույք պատճառելու համար (այս նպատակով կարելի է բեմադրել այլ շատ ավելի գեղարվեստական արժեքավոր պիեսներ), այլ իբր պատմական ագիտացիոն պիես, որ միմիայն որպես այդպիսին կարող էր մտնել մեր Պետթատրոնի ռեպերտուարի մեջ։
 Գալով բեմադրության տեխնիկական կողմին, հարկավոր է ասել, որ այն, ընդհանուր առումով, կարելի է բավարար համարել։ Տեսարանների ընդհանուր կոնստրուկցիան, չնայած որոշ սխեմատիզացիայի, համապատասխանում է պիեսի պատմական ստիլին և ցույց է տալիս ռեժիսորի հմտությունը՝ բեմական քիչ միջոցներով հասնելու հնարավոր մաքսիմում տպավորության։ Սակայն նույնը, նույն չափով, չի կարելի ասել մարդկային մատերիալի կազմակերպման մասին։ Անհատական տեսարանները կառուցված են բավարար, մասսայականները՝ թույլ։ Առանձնապես թույլ է դավագիրների ժողովի տեսարանը։ Ւսկ վերջին տեսարանը, բացի այն, որ զուրկ է գեղարվեստական որևէ արժեքից — կարելի է և դուրս գցել, որպես միանգամայն անհանդուրժելի մեր ներկա պահանջների տեսակետից։