Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տիպիկական կողմերն արտահայտելու խնդիրն է։ Գրել գյուղի մասին այնպես, որ երևա թե այդ գյուղը Հայաստանի գյուղն է, գրել բանվորի, գործարանի, ինդուստրիայի մասին այնպես, որ պարզորոշ կերպով նկատվի Հայաստանի բանվորը, գործարանը, ինդուստրիան։ Այլ կերպ ասած` չմոռանալ, որ Հայաստանի պրոլետգրողի պարտականությունն է պրոլետարական հեղափոխության այս մի հատվածին, այս մի երկրին նվիրել իր ստեղծագործական էներգիայի մեծագույն մասը և այսպիսով ավելի օգտակար լինել ընդհանուր պրոլետարական հեղափոխությանը, գրականությանը։ Ռուս պրոլետարական գրողն անհամեմատ ավելի հաջող ու ճշգրիտ կարտահայտի պրոլետարական հեղափոխությունն ու իր նվաճումները Ռուսաստանում, քան թէ որևէ մեկը, որ գտնվում է տարբեր միջավայրում։ Այդ տեսակետից «Չին աղջիկը» ավելի քիչ է արժեքավորվում և ծառայում իը նպատակներին, քան «Արնոտ աղջիկը»4։

Խմբագրելով այս ժողովածուն, մեր նպատակն է եղել ընտրել այնպիսի նյութեր, որոնք ավելի որոշակի կերպով կարտահայտեին վերոհիշյալ խնդիրները և ցույց կտային միությանս անդամների գրվածքների միջև եղած այն ընդհանուր գծերն ու այն կապը, որի մասին խոսեցինք վերևում։

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

<1927 թ. «Պոեմների» առաջաբանը>

Կազմելով շուրջ մի տասնամյակի ընթացքում գրված իմ պոեմների ներկա ժողովածուն` ես նրանցից մի քանիսի մեջ մտցրել եմ մի շարք փոփոխություններ1, աշխատելով մի կողմից ավելի հստակ դարձնել գաղափարախոսական