Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զգում առաջին համաշխարհային պրոլետարական հեղափոխության — հասկանո՞ւմ եք — տասնամյակի առթիվ...

Միակ բանը, որ ես երկար մտածելուց հետո զգացի, դա ինձ տրված հարցի ոչնչությունն էր։ Велика важность, թե ինչ է զգում ինչ-որ անհատ այն վիթխարի, չտեսնված, անօրինակ գործի հանդեպ, որ կատարել է առաջին սոցիալիստական հեղափոխությունը իր գոյության առաջին տասնամյակում։ Եվ քանի որ ես գրող եմ, ուստի իմ մտքերն անմիջապես ստացան «պրոֆեսիոնալ» ընթացք, և ես սկսեցի մտածել այն ահռելի անհամաչափության մասին, որ առաջին հայացքից աչքի է դարնում, երբ համաշխարհային առաջին սոցիալիստական հեղափոխության առաջին տասնամյակի վիթխարի դեպքերը ու գործերը համեմատում ես այն գրականության հետ, որը պետք է արտացոլումը լիներ այդ էպոխայի վիթխարի մարդկանց վիթխարի գործերի...

Եվ այդ համեմատությունն անելով, ես, որպես այդ գրականության ներկայացուցիչ, ինձ չափազանց փոքրիկ ու չնչին զգացի Հոկտեմբերյան տասնամյակի հանպեպ... Մի՞թե մենք ենք սոցիալիստական առաջին հեղափոխության, առաջին տասնամյակի արտահայտիչները գրականության մեջ... Որպիսի՜ վիթխարի գործեր և որքան գունատ արտացոլում այդ գործերի — գրականության մեջ...

Եվ ես մտածեցի, թե Միության խորհրդային կամ պրոլետարական գրողները որպիսի գերմարդկային ջանքեր պիտի գործադրեն, որպեսզի գոնե նվազագույն չափով կարողանան արժանի լինել Հոկտեմբերյան հեղափոխության վեհությանը — գոնե նրա երկրորդ տասնամյակին։