Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտցրի 1922 թվին Մոսկվայում հրատարակված իմ առաջին հատորի մեջ «Ողջակիզվող կրակ» ընդհանուր խորագրով: «Հայաստանի կոոպերացիայում» 1920 թվին ես տպագրել եմ այդ շարքից երեք բանաստեղծություն, որոնցից երկուսը («Օրերը հուր են հիմա») և «Նոր է կարոտս հիմա») ես հետագայում մտցրի իմ հիշյալ ժողովածուի մեջ, իսկ երրորդը («Բրոնզե քույր իմ») — ոչ։ Այս վերջին բանաստեղծությունը ես ժողովածուի մեջ չմտցրի զուտ գեղագիտական նկատառումներով, ինչպես չեմ մտցրել և մի շարք այլ տպված բանաստեղծություններ, որոնք 1922 թվին չէին համապատասխանում իմ գեղագիտական ըմբռնումներին։ Յուրաքանչյուր կասկած ցրելու համար թող թույլ տրվի բերել այստեղ այդ բանաստեղծությունն ամբողջությամբ։ —

«ԼՅՈՒՍԻ ԹԱՌԱՅԱՆԻՆ» ԳՐՔԻՑ

Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս,
Լուսավոր դու, հրասիրտ ու հրավարս,
Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս:

Դու վառվել ես օրերի մեջ ու հրում,
Դու վառվել ես կարմրավառ այս օրերում,
Դու վառել ես գալիքները ու հեռուն։

Եվ քո սիրտը — մի խարույկ է ճարճատուն,
Ու հրում քո այրվում ես հիմա դու,
Ու կարմիր են կրակները քո հատու։

Բայց ղրկել է քեզ խավարը անսփոփ,
Արնոտել են կրակներդ հիմա որբ,
Օ, Երկի՛ր իմ, բրոնզե քո՛ւյր իմ հրասուրբ։