Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս հանգամանքն անհրաժեշտ եմ համարում ամենակայուն կերպով ճշտել, որովհետև, ինչպես երևում է, խարդախությունը բանեցվում է հենց այս հիմնական կետից։ Այս հանգամանքին անծանոթ մարդու աչքին երևի թոզ են փչում (որքան էլ որ սա դեմ է առողջ բանականության), դիտավորյալ կերպով համոզելով, որ ես «Բրոնզե քույր», «Սոմա»6, «Կրակի դուստր» և այլ էպիտետներով, որ կարմիր թելի նման անցնում են տվյալ շարքի բոլոր բանաստեղծություններում, ի նկատի ունեմ... Դաշնակցությունը и чорт знает еще что!...7 Բայց, կրկնում եմ, այս ձևով կարելի է թոզ փչել միմիայն միամիտ մարդկանց աչքերին, տալով այդ բանաստեղծությանը գիտակցաբար թյուրիմաց, աներևակայելի, պրովոկացիոն մեկնաբանություն։

Ի՞նչ է այս բանաստեղծության իմաստը։ Աոաջին տողերը`

Բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե քո՛ւյր իմ, բրոնզե հարս
Լուսավոր դու, հրասիրտ ու հրավարս.


Յուրաքանչյուր անաչառ ընթերցող տեսնում է, որ այստեղ հեղինակը սիմվոլիստական ձևով դիմում է հեղափոխությանը. —

Դու վառվել ես օրերի մեջ ու հրում,
Դու վառվել ես կարմրավառ այս օրերում,
Դու վառել ես գալիքները ու հեռուն։


Երևի այդ հանճարեղ սոփեստները համոզում են միամիտ մարդկանց, որ հեղինակն այս տողերով դիմում է Դաշնակցությանը և ասում, որ նա... «Վառել է գալիքները ու հեռուն»...